Եվրոպական կառույցները հույսները կտրել են Հայաստանի իշխանություններից, որ որեւէ բան նրանք այստեղ կարող են անել եւ դեմոկրատիայի, եւ ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման առումով: Այս մասին այսօր՝  մայիսի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա նշեց, որ եթե հույսները կտրում են, լուծումներ փնտրում են դրսում, ինչը շատ վատ է: 

Արամ Մանուկյանը տեղեկացրեց, որ երեք օր առաջ է վերադարձել Թուրքիայից, որտեղ մասնակցում էր լիբերալների կողմից կազմակերպված միջազգային մեծ կոնֆերանսի, այնտեղ քննարկվում էին Հարավային Կովկասի խնդիրները:

«Բոլորն էլ հիասթափված են Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններից, արձանագրում են, որ երկու երկրներին ձեռք է տալիս ստատուս քվոյի այս վիճակը, որի արդյունքում արտագաղթում է երկիրը։  Ավելի վատթար վիճակ է Ադրբեջանում, բայց դա փրկություն չէ»,-ասաց Արամ Մանուկյանը

Պատգամավորի խոսքով`   մեր շուրջ ստեղծվել է ադրբեջանա-վրացա-թուրքական  տնտեսական, քաղաքական բազմաբլոկ դաշինք, որոնք համագործակցում են ոչ միայն իրար հետ, այլեւ միջազգային ասպարեզում միասին ծրագրեր են իրականցնում:  «Մեր երկիրը դեպի ներքեւ է գնում բոլոր բնագավառներում։  քանի ընտրություններով ոչինչ չի որոշվում, ժողովուրդը ոչինչ չի որոշում, եվրոպացիները այդպես լէ վարվում են մեր հետ»,- ասաց նա:

Արամ Մանուկյանի խոսքով` մեր իշխանությունների անպատասխանատու քաղաքականության արդյունքում է, որ բոլոր երկաթուղային գծերը անցնում են՝ շրջանցելով Հայաստանը, «էս փնթի իշխանությունները ոչ միայն մեր այսօրն են վաճառել, այլեւ վաղվա օրը»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am