Հնդկաստանի Ջամու եւ Քաշմիր նահանգներում մայիսի 1-ին տեղի ունեցած երկրաշարժի պատճառով վիրավորվել է ավելի քան 25 աշակերտ:

Ըստ NDTV-ի, երկրաշարժի ժամանակ դպրոցում դասամիջոց է եղել: Տարածաշրջաններից մեկում փլվել է շենքի տանիքը, մյուսում` դպրոցական շենքը: Վիրավորված դպրոցականների առողջական վիճակի մասին ոչինչ չի հաղորդվել:

Քաշմիրում` Պակիստանի հետ սահմանից ոչ հեռու, գրանցվել է 5,4 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի հիպոկենտրոնը 10 կիլոմետր խորության վրա է եղել: Ամերիկյան երկրաբանական ծառայությունը նախապես հայտարարել է, որ երկրաշարժը 5,7 մագնիտուդով է եղել, սակայն ավելի ուշ տվյալները փոխվել են: NDTV-ի տվյալներով` Ջամուում եւ Քաշմիրում նվազագույնը վեց հետցնցում է գրանցվել:

Ինչպես հայտնել է «ՌԻԱ Նովոստին», Քաշմիրում տարհանվել են գրասենյակներն ու բնակելի տները, ստորգետնյա ցնցումներ զգացվել են նաեւ Հնդկաստանի մայրաքաղաքում եւ Դելիի արվարձաններում, ինչպես նաեւ Պակիստանի տարածքում, այդ թվում մայրաքաղաք Իսլամաբադում: