Կիեւում մայիսի 1-ին ձերբակալվել են մոտ 30 ակտիվիստներ, ովքեր հավաքվել էին մասնակցելու արհմիությունների երթին: Խոսքը «Ինքնավար դիմադրություն» կազմակերպության ներկայացուցիչների մասին է, ովքեր եղել են սեւ հագուստներով եւ դիմակներ են կրել:
Ակտիվիստների խմբին շրջապատել են «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման զինվորները: Նրանք ձերբակալել են դիմակավորներին, ովքեր սկսել են բղավել` «Ֆաշիստներ» եւ «Կորչի ոստիկանական բեսպրեդելը»: Թե ինչ հիմքերով են նրանք ձերբակալվել` չի հաղորդվել: Մայրաքաղաքի «Աշխատանքի պաշտպանություն» արհմիության ղեկավար Օլեգ Վերնիկի խոսքով` ակտիվիստներն անօրինական ոչինչ չեն արել:
Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում եւ այլ քաղաքներում մայիսի 1-ին Աշխատանքի օրվա կապակցությամբ ցույցեր են տեղի ունեցել: Մայրաքաղաքում մասնավորապես զանգվածային է եղել կոմկուսի կողմնակիցների ցույցը, որի ժամանակ ձերբակալվել են մի քանի ակտիվիստներ: ՈւՆԻԱՆ-ի տեղեկություններով` նրանք փորձել են ներկերով փչացնել ցուցարարների պաստառները: Ինչպես հայտնում է «Ոիկրաինսկայա պրավդա»-ն, կոալիցիայի առաջնորդ Սերգեյ Մելնիչենկոն հայտարարել է, որ ինքն ու իր կողմնակիցները ոչ մի անօրինական բան չեն արել, այլ շարժվել են դեպի Բուսաբանական այգի` այնտեղ «Մագնոլիա նկարելու» համար:



























