Աթենքում, «Նոր ծիածան» հայ-հունական երիտասարդական թատերախումբը, ապրիլի 26-ին, 27-ին եւ 28-ին, հունարենով բեմականացրել է երկար ամիսներ սպասվող, Հրանտ Մարգարյանի՝ «Հայելիներ» ստեղծագործությունը, հաղորդում է «Հայաստան» լրատուն:

Արդիական ոճով ու սքանչելի երաժշտությամբ համատեղված այս բեմականացումը, հույն եւ հունախոս հայ հասարակությանն է ներկայացրել Հայկական 1915-ը՝ հանդիսատեսներին գամելով սրահի նստարաններին:

«Հայելիներ»-ը, Ալեկսիս Սարիկյանի բեմադրությամբ, «Նոր ծիածան» թատերախմբի 5-րդ ներկայացումն է՝ վերջին երկու տարիների եւ 3-րդը` անցած մեկ տարվա ընթացքում, որը կայացել է «Հայաստան» հասարակական- մշակութային կենտրոնի հետ համագործակցությամբ:

Նշենք, որ «Նոր ծիածան»-ին հաջողվել է ի մի բերել համայնքի տարբեր ակումբների եւ կուսակցությունների երիտասարդ անդամներին: Խումբը բացառապես աշխատում է զուտ սեփական միջոցներով եւ ինքնուրույն: Խմբին օժանդակում են նաեւ հույն արվեստի առաջադեմ երիտասարդ գործիչներ:

«Նոր ծիածան»ից բացի Աթենքում աշխատում է նաեւ հայ-հունական «Ծիածան» թատերախումբը, դերասան Հայկ Գասարճյանի գլխավորությամբ, որի վերջին ներկայացումը աշխարահռչակ ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի՝ «Իմ սիրտը լեռներում է» ստեղծագործությունն էր: