Բոլիվիան արգելել է իր տարածքում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեությունը: Այս մասին, այսօր՝ մայիսի 1-ին, հայտարարել է Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը՝ հանդես գալով մայիսմեկյան տոնական հանրահավաքի ժամանակ:

«Որոշվել է Բոլիվիայից արտաքսել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID), այն լքում է երկիրը: Ես հանձնարարել եմ ԱԳՆ-ին այդ մասին անհապաղ տեղեկացնել ԱՄՆ դեսպանատանը»,-ասել է երկրի նախագահը: Ավելի վաղ նա բազմիցս USAID-ի աշխատակիցներին մեղադրել է իր կառավարության դեմ դավադրության եւ ընդդիմությանը ֆինանսավորելու մեջ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Լա-Պասի եւ Վաշինթոնի միջեւ հարաբերությունները լարված են մնում արդեն մի քանի տարի: 2008-ի սեպտեմբերի 10-ին Էվո Մորալեսը Բոլիվիայից արտաքսել է ԱՄՆ դեսպանին՝ նրան մեղադրելով իր կառավարության դեմ ուղղված դավադրության մեջ: Ի պատասխան ԱՄՆ-ը «պերսոնա-նոն-գրատա» է հայտարարել ԱՄՆ-ում Բոլիվիայի դեսպանին: Նույն թվականի նոյեմբերի 1-ին Բոլիվիայի նախագահն արգելել է ԱՄՆ-ի թմրամիջոցների դեմ պայքարի դաշնային վարչության գործունեությունը:

2011 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ն ու Բոլիվիան շրջանակային համաձայնագիր են ստորագրել, որը ենթադրում է լայնամասշտաբ դիվանագիտական հարաբերությունների վերականգնում: