Նուբար Ալեքսանյանը վերջին 35 տարում զբաղվել է ֆոտոլրագրությամբ եւ ռեժիսորությամբ։ Նա եղել է ավելի քան 40 երկրներում՝ լուսանկարներ մատակարարելով հայտնի «Life», «Newsweek», «Time», «National Geographic», «Fortune» եւ «Geo» ամսագրերին։ 62-ամյա Ալեքսանյանի դուստրը՝ 24-ամյա Էբին, վերջերս է ավարտել Վասար քոլեջը։ Վերջին տասնամյակում նա արձակուրդներն անցկացրել է հոր նկարած լուսանկարների եւ ֆիլմերի դեկորացիաների վրա աշխատելով։ Հայրն ու դուստրը ֆիլմ են նկարահանում հայ ընտանիքների առաջ այսօր ծառացած մարտահրավերների մասին։
The Armenian Mirror-Spectator-ը հայտնում է, որ Ալեքսանյանների ֆիլմը կոչվում է «Ճամփորդություն Հայաստան. Ցեղասպանության երեք սերունդները»։ Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես է երտասարդ կնոջ հետաքրքրասիրությունը հորը դրդում միանալ նրան, նրանք բախվում են իրենց ընտանիքի մռայլ անցյալին եւ հայտնաբերում, թե ինչպես է այսօր իրենց վրա անդրադառնում Հայոց ցեղասպանության ժխտումը։
Ալեքսանյանները պարզաբանում են, որ ֆիլմը նմանատիպ այլ ֆիլմերից առանձնանում է. «Ես երբեւէ չեմ տեսել ժխտման ազդեցության եւ երեք սերունդների լռության մասին ֆիլմ,- ասել է Նուբար Ալեքսանյանը,- սա փաստավավերագրական ֆիլմ է, որը պատմոմ է լռության եւ այն մասին, թե ինչպես անմարդկային արարքները հավերժ փոխեցին հայ լինելու նշանակությունը»։
Ալեքսանյանների խոսքով՝ ֆիլմը կցոցադրվի 2014թ. դեկտեմբերին, ֆիլմի տեւողությունը 55-75 րոպե է։ Նրանք իրենց թիմում կընդգրկեն Էրոլ Մորիսին։ Մորիսի ֆիլմերից մեկը 2004թ. արժանացել էր Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակի՝ «Լավագույն փաստավավերագրական ֆիմ» անվանակարգում։
Հայոց ցեղասպանության մոտեցող 100-ամյա տարելիցի հետ կապված՝ Նուբար Ալեքսանյանը հույս է հայտնում որ իր ֆիլմը միջազգային ասպարեզում շատ հարցեր կշոշափի, մեկընդմիշտ պատասխան կտա «Հայկական հարցին» եւ կկարողանա հայերի համար արդարության հասնել։




























