ԱՄՆ Վիսկոնսին նահանգում 76-ամյա Ռուբի Քլոքովին դատապարտել են 10 տարվա ազատազրկման՝ 1957 թվականին իր 6 ամսական դստերն սպանելու համար: Այն ժամանակ, կնոջ ցուցմունքների համաձայն, երեխայի բազմոցից վայր ընկնելը համարվել էր դժբախտ պատահար, թեեւ զննությանմբ երեխայի մոտ հայտնաբերվել էր գլխի երեք թեթեւ վնասվածք եւ ուղեղի երկու հեմատոմա:
Երբ 2008-ին ոստիկանությունը վերսկսել է այս գործի հետաքննությունը, Քլոքովը խոստովանել է, որ, հնարավոր է, ինքն է կոպտորեն երեխային նետել բազմոցին, որից նա վայր է ընկել ու վնասել գլուխը:
Թոշակառու կնոջ պաշտպանը խնդրել է հաշվի առնել ամբաստանյալի տարիքը, ինչպես նաեւ այն փաստը, որ նրա մեղսունակությունը մի քանի անգամ կասկածի տակ է դրվել: Սակայն դատարանը համարել է, որ կինն ի վիճակի է պատասխանատվություն կրել իր արարքի համար: Ինչպես գրում է Life News-ը, բացի 6 ամսական հասակում մահացած Ջանին Քլոքովից, ամբաստանյալի եւս մեկ երեխա է մահացել մանուկ հասակում: Նրա մարմնի արտաշիրմում է կատարվել, սակայն բռնի մահվան հետքեր չեն հայտնաբերվել:

























