ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, մայիսի 1-ին, Վաշինգթոնում հանդիպել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ:
Բանակցություններից առաջ, լրագրողների հետ կարճ հանդիպման ժամանակ Քերրին ողջունել է իր հյուրին, նշելով նախկին խորհրդային հանրապետություններում տեղի ունեցող քաղաքական գործընթացների կարեւորությունը:
«Վրաստանում ժողովրդավարական անցումային փուլը կենսականորեն անհրաժեշտ է: Այն կարեւոր է, եւ մենք կներդնենք բոլոր ջանքերը, որպեսզի այն դուրս չգա իր հունից»,-նշել է Քերրին՝ հիշեցնելով, որ Սահակաշվիլիի նախագահության ժամկետն ավարտվում է այս տարվա աշնանը:
Սահակաշվիլին նշել է, որ իր այցելությունն ԱՄՆ տեղի է ունենում «վրացական ժողովրդավարության եւ Վրաստանի գոյատեւման համար կրիտիկական պահին»: Նա չի պարզաբանել, թե ինչ նկատի ունի, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Վրաստանի նախագահը նաեւ ընդգծել է «ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում ԱՄՆ օժանդակության » կարեւորությունը:




























