Չադի կապի նախարարը հաղորդել է, որ երկրի անվտանգության մարմինները կանխել են գործող նախագահ Իդրիս Դեբիի դեմ ուղղված պետական հեղաշրջման փորձը։ Դավադրության մասնակիցները ձերբակալված են, դատախազությունը հետաքննություն է սկսել։

«Այսօր՝ մայիսի 1-ին, վատ մտադրություն ունեցող մի խումբ անձինք փորձել են ապակայունացնել իրավիճակն իշխանության պետական ինստիտուտներում», - ասել է Չադի կապի նախարար Հասան Բեքարին:

AFP-ի հաղորդմամբ՝ ձերբակալվածների թվում է ընդդիմադիր պատգամավոր Սալեհ Մաքին։ Հեղաշրջման ծրագիրը նախապատրաստվել էր չորս ամիս շարունակ։

Ինչպես նշում է RT-ն, քսաներորդ դարում Չադում մի քանի հեղաշրջում է տեղի ունեցել։ Հետաքրքիր է, որ Իդրիս Դեբին անձամբ մեղադրվում էր 1989 թվականին այն ժամանակ գործող նախագահ Հիսեն Հաբրեի դեմ հեղաշրջում կատարելու մեջ։ 1990 թվականին Դեբին ստեղծել է Փրկության հայրենասիրական շարժումը եւ զինված ուժերի օգնությամբ հաջող կերպով զավթել իշխանությունը։