ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) թողարկել է աշխարհում դավանանքի ազատության խախտումների ամենամյա զեկույցը: Ադրբեջանը հայտնվել է երկրորդ կարգի խախտող երկրների ցանկում: Նրանից բացի այդ դասում են նաեւ Աֆղանստանը, Կուբան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Ղազախստանը, Լաոսն ու Ռուսաստանը:

Զեկույցում բաքվին քննադատում են մի շարք հարցերով, այդ թվում 2009թ. ընդունված դավանանքի մասին ռեպրեսիվ օրենքի համար: Չնայած հանդուրժողականության եւ ազատության մասին պաշտոնական հայտարարություններին, կրոնական պայմաններն Ադրբեջանում վատթարացել են վերջին մի քանի տարում: «Մի շարք կրոնական կազմակերպություններ փակվել են, մարդիկ ձերբակալվել են տուգանվել ոչ բռնի կրոնական գործունեության համար»,- ասվում է փաստաթղթում:

Մահմեդական բոլոր ղեկավարները նշանակվում են պետության` Ղազիների խորհրդի կողմից, պետք է լինեն Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք կրթություն են ստացել Ադրբեջանում: Գործող բոլոր մզկիթները պետք է պատկանեն Կովկասի մահմեդականների վարչությանը, եւ միայն Ադրբեջանի քաղաքացիները կարող են կրոնական համայնքներ ստեղծել: Պետական օրենսդրությամբ` արգելվում է աղոթել մզկիթներից դուրս: