ԱՄՆ Առեւտրային ներկայացուցչության (USTR) ամենամյա «Հատուկ զեկույց 301»-ում Ուկրաինա հայտնվել է մտավոր սեփականության ոլորտում իրավունքների պահպանման ամենաանբարենպաստ իրավիճակով երկրների առաջին տեղում:

Ուկրաինայում խախտվում են ամերիկյան ընկերությունների մտավոր սեփականության իրավունքները:

Զեկույցում նշվում է, թե Ուկրաինայում գործում է հեղինակային հարկումների «անարդար եւ ոչ թափանցիկ» համակարգ, միջոցներ չեն ձեռնարկվում ինտերնետային պիրատության դեմ պայքարի ուղղությամբ եւ լայնորեն կիրառվում են ապօրինի ծրագրերը, այդ թվում` կառավարական հաստատություններում, գրում է «Ռոսբալտը»:

ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչը նշել է, որ եթե Կիեւը պատշաճ միջոցներ չձեռնարկի, կզրկվի որոշ արտոնություններից:

Ցանկում ընդգրկված են նաեւ Ռուսաստանը, Արգենտինան, Ալժիրը, Վենեսուելան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Չինաստանը, Պակիստանը, Թաիլանդն ու Չիլին: