Ռուս օլիգարխ Վլադիմիր Սլուցկերը դատարանում պարտվել է իր նախկին կնոջը՝ Օլգային եւ պետք է ամբողջությամբ նրան թողնի Լոնդոնի էլիտար թաղամասում գտնվող առանձնատունը։ Անշարժ գույքը գնահատվում է 40 մլն ֆունտ։ Վլադիմիր Սլուցկերը հավակնում էր տան 50%-ին, սակայն բրիտանական արդարադատությունը որոշել է, որ առանձնատունն ամբողջությամբ պատկանում է Օլգա Սլուցկերին։

Daily Mail-ի տվյալով, Հարավային Քենսինգթոնի Բոլթոնս փողոցի (բնակարանի գներով երկրորդը Մեծ Բրիտանիայում) վրա գտնվող տունը 2000 թվականին զույգը գնել էր ընդամենը 6 մլն ֆունտով։ Եւս մեկուկես միլիոն ծախսվել էր հիմնովին վերանորոգման ու տան վերակառուցման համար։ Առանձնատունը ձեռք էր բերվել Misha Trust օֆշորային թրասթային ֆոնդի միջոցով, ինչը հնարավորություն էր տվել ռուսական իշխանություններից թաքցնել այն, գրում է ՌԲԿ-ն։

Վլադիմիր Սլուցկերը Չուվաշիայից Դաշնային խորհրդի նախկին անդամ է։ Օլգա Սլուցկերը,  ով  World Class սպորտային ակումբների սեփականատեր ու ՌԴ երեխայի իրավունքների գծով հանրային խորհրդի ներկայացուցիչ է, եւ Վլադիմիրն ամուսնալուծվել են 2009 թվականին։ 2011-ին նախկին կինը օլիգարխից դատարանի միջոցով խլել է ընդհանուր երեխաների խնամակալության իրավունքը։