ԱՄՆ Քալիֆորնիա նահանգում 51-ամյա հայ տղամարդը սպանության համար դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ առանց ներման իրավունքի: Նա 2005 թվականին տան ավազակային հարձակման ժամանակ սպանել է Գլենդելի մի բնակչի, գրում է «Glendale News-Press»-ը:
Դեռեւս մարտին Վրեժ Զադուրյանը դատապարտվել է առաջին աստիճանի սպանության համար, որը կատարել է 2005-ի նոյեմբերի 1-ին: Նա 20-ամյա Քրիստոֆեր Շահնազարիին սպանել է Գլենդելում գտնվող իր տանը: Նա դատապարտվել է նաեւ տուն ներխուժելու եւ կողոպուտի համար:
Քրիստոֆեր Շահնազարին սպանվել է այն պահին, երբ մտել է տուն եւ տեսել մորը՝ ծեծված ու կապկպված: Նա փորձել է հավաստիացնել չարագործներին, որ տանը գումար չկա, բայց դա չի կանգնեցրել նրանց: Չարագործները նրան տարել են այլ սենյակ եւ ծեծի ենթարկել: Այդ ժամանակ նրա մորը հաջողվել է փախչել տնից: Դուրս գալով տնից, նա կրակոցի ձայն է լսել, որով սպանել են նրա որդուն:
Սկզբում ոստիկանությունը կալանավորել է Էդմոնդ Հովասափյանին, քանի որ Շահնազարիի մայրն ասել է, որ նա նման է հանցագործներից մեկին: Բայց ավելի ուշ Հովասափյանն ազատ է արձակվել եւ արդարացվել, երբ դեպքի վայրից վերցված ԴՆԹ-ի անալիզները ցույց են տվել, որ դրա հետ առնչություն ունի Զադուրյանը:
Հովասափյանը դատի է տվել քաղաքի իրավապահներին եւ երկու դետեկտիվների, որի արդյունքում նա 1,31 մլն դոլարի փոխհատուցում է ստացել՝ իր քաղաքացիական իրավունքները խախտելու համար:



























