Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանը քաղաքային խորհրդի անդամներին խաղաղության կոչ է արել նախընտրական արշավի ժամանակ: Իրավիճակը սրվել էր այն աստիճան, որ անգամ հանգեցրել էր քարոզչախմբերի մասնակիցների ծեծկռտուքի եւ փոխադարձ մեղադրանքների, հաղորդում է «Los Angeles Times»-ը:
Մրցակից թեկնածուներին աջակցող երկու խմբերի քարոզչությունը` Լոս Անջելիսի Փոքրիկ Հայաստան շրջանում, վերածվել էր վիճաբանության:
Մասնավորապես վիճաբանել էին թեկնածուներ Ջոն Չոյի եւ Միթչ Օ` Ֆարելի համախոհները` փոխադարձ մեղադրանքներ տեղալով: Միջադեպը, որը հետաքննում է ոստիկանությունը, այս ընտրարշավում դարձել է առանց կանոնների մարտի օրինակ: Անցած շաբաթ ուշադրությունը կենտրոնացել է Փոքրիկ Հայաստանի վրա, որը դարձել է ձայների համար պայքարի դաշտ:
Միաժամանակ ձեռնարկության սեփականատերը, որը տեղադրել է Չոյի քարոզչական պաստառը, պնդում է, որ իրեն ասել են հանել այդ պաստառը, քանի որ Չոյը «հակահայ» գործիչ է: Չոյի կողմնակիցների խոսքով` մյուս ընտրողներին եւս նույնն է ասվել:
Կողմերի պատասխանատուները մերժում են մյուս կողմի մեղադրանքը: Սակայն լարվածությունը հասել է այն աստիճանի, որ խորհրդի անդամ, ամերիկահայ Փոլ Կրեկորյանը հաշտեցման կոչ է արել: Կրեկորյանն, ով աջակցում է Չոյին, հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ հույս ունի, որ երկու թեկնածուները «կաշխատեն միասին` հետագայում վախի մարտավարությունը կանխելու համար»: Հարցազրույցում նա ասել է, որ վախի մասին հաղորդումները մտահգություն են առաջացնում, քանի որ որոշ հայ ներգաղթյալներ ԱՄՆ են ժամանել ժողովրդավարական քաղաքական գործընթացների նկատմամբ խորն անվստահությամբ:
Ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 21-ին, եւ երկու արշավների մասնակիցներն ակտիվացնում են իրենց արշավը Փոքր Հայաստանի տարածքում: Անցած շաբաթ Չոյն ու Օ` Ֆարելը մասնակցել էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին:




























