Ապրիլի 15-ին Բոսթոնի միջազգային մարաթոնի ժամանակ պայթած ռումբերը պատրաստվել են այն տանը, որտեղ Թամերլան Ցարնաեւը բնակվել է կնոջ եւ դստեր հետ, հաղորդում է CNN հեռուստաալիքը` վկայակոչելով իր աղբյուրները:

Առայժմ պարզ չէ`արդյոք Թամերլան Ցարնաեւի այրի Քեթրին Ռասսելը տեղյակ է եղել նրա ահաբեկչական ծրագրերից: Ավելի վաղ ՀԴԲ-ն խուզարկել էր նրա տունը եւ կնոջից ԴՆԹ-ի նմուշ վերցրել` համեմատելու բոսթոնյան ռումբի մնացորդների վրա հայտնաբերված կանացի ԴՆԹ-ի հետ: Սակայն հեռուստաալիքի աղբյուրները պնդում են, որ եթե անգամ տվյալները համընկնեն, դա դեռեւս չի ապացուցում, որ Ռասսելը մասնակից է եղել պայթյուններին, գրում է «Ռոսբալթը»:

Ցարնաեւի կնոջ իրավապաշտպանը ավելի վաղ հայտարարել էր, որ ահաբեկչությունների մասին լուրը Ռասսելի համար շոկային է եղել: Մինչ այդ հայտնի է, որ ՀԴԲ-ի կողմից որպես ահաբեկչության կասկածյալներ եղբայրների լուսանկարների հրապարակումից հետո, Թամերլան Ցարնաեւը հեռախոսազրույց է ունեցել Ռասսելի հետ: Հետաքննության ներկայացուցիչները հայտարարել են, որ մտադիր են Ռասսելի հետ քննարկել այդ հեռախոսազրույցի բովանդակությունը:

Ավելի վաղ Թամերլան Ցարնաեւի կրտսեր եղբայր Ջոհարը քննիչներին պատմել էր, որ ի սկզբանե ռումբերը նախատեսվում էր պայթեցնել հուլիսի 4-ին` ԱՄՆ Անկախության օրը: Սակայն ժամկետները փոփոխվել են, քանի որ հաջողվել է ռումբերն ավելի արագ պատրաստել: