«Հաշմանդամություն ունեցող քաղաքացիները, ինչպես նախորդ ընտրություններում, այս անգամ եւս հիմնականում զրկված են եղել քվեարկելու հնարավորությունից»,-այս մասին, այսօր՝ մայիսի 5-ին, հայտարարել է Մեդիա կենտրոնում հյուրընկալված «Ունիսոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանը: Նրա խոսքով անգամ տեխնիկական փոքր խնդիրները նախորդ համապետական ընտրություններից հետո չեն վերացվել:
«Ինչպես նախկինում, այսօր էլ ընտրատեղամասերի 85 տոկոսը անմատչելի են հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, 9 տոկոսը հիմնականում մատչելի է, եւ միայն 6 տոկոսն է լիովին մատչելի»,-ասել է նա ու հավելել, որ եթե անգամ տեղամասը հարմարեցված է հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին՝ մուտքի առումով, ապա քվեախուցը հարմարեցված չի:
«Ունիսոնի» ղեկավարը նշել է, որ քվեախցերը ոչ միայն պետք է իրարից մեկ մետր հեռավորության վրա գտնվեն, այլեւ պատից, որպեսզի հաշմանդամները կարողանան սայլակով մտնել քվեախուց եւ գաղտնիության պայմաններում կատարել իրենց քաղաքացիական պարտքը: Ի դեպ, Արմեն Ալավերդյանը տեղեկացրել է, որ ժամը 13-ի դրությամբ իր ունեցած տեղեկություններով քվեարկել է հաշմանդամների ընդամենը 2-3 տոկոսը:
Արմեն Ալավերդյանը նկատել էր բավականին հետաքրքիր փաստ. չտեսնող ընտրողների համար պատրաստված կաղապարը, երբ դրվում է քվեաթերթիկի վրա, որի միջոցով բրայլյան համակարգով հավաքված քվեաթերթիկի բովանդակությունը հասանելի է դառնում կույր ընտրողին, չի համապատասխանում դրա դիմաց թռչնակի համար նախատեսված վանդակին: Արդյունքում առաջին երկու տողի դիմաց նշում անելու տեղ ուղղակի չկա:
Բացի այդ, եթե կաղապարը շրջված է դրվում քվեաթերթիկի վրա, ապա նշումը ստացվում է ոչ թե աջ, այլ քվեաթերթիկի ձախ կողմում, ինչը մեխանիկորեն քվեաթերթիկը դարձնում է անվավեր:




























