«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հերքում է իրենց ներկայացուցչի` թիվ 7/15 ընտրատեղամասում ծեծկռտուքի մասնակից լինելու մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենք լրատվամիջոցներից տեղեկացան, որ այդ տեղամասում իրար են ծեծել ԲՀԿ-ական Ջիվան Պողոսյանն ու հանձնաժողովի անդամները:

Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն` ԲՀԿ-ական ներկայացուցիչը մտել է ընտրատեղամաս եւ փորձել է միջամտել ընտրությունների ընթացքին, սակայն հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել՝ ասելով, որ նա իրավունք չունի տեղամասում գտնվել: Տեղամասի ներսում իրար քաշքշելուց հետո նրանք դուրս են եկել եւ ծեծկռտուքը շարունակել բակում:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ խոսել է Ջիվան Պողոսյանի հետ, որեւէ ծեծկռտուք, քաշքշուկ չի եղել, ընդամենը օրենքի մեկնաբանման վերաբերյալ թեթեւ խնդիր է եղել, զրուցել են, հարթվել է ամեն ինչ:

Նշենք, որ «Թրանսփարենսի ինթերնեյշընլն» էլ հայտնում են, որ  07/15 տեղամասում (գյուղխորհրդի շենք, Հաղթանակ), ավագանու ԲՀԿ թեկնածուն գտնվում էր ընտրատեղամասի ներսում եւ նրա ու հանձնաժողովի նախագահի միջեւ տեղի է ունեցել վեճ, ոստիկանները ավագանու թեկնածուին տանում են ոստիկանության բաժին: