Երեւանի ավագանու ընտրություններում այսօր՝ մայիսի 5-ին տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ժամը 16։00 դրությամբ 38 դեպքերի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության կայքից։
Ըստ հաղորդագրության՝ ժամը 15։00-ից հետո ավելացել են հետեւյալ նյութերը։
05.05.2013 թ., ժամը 13:30-ին ՀՅԴ «թեժ գծից» ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՕԿԿ է զանգահարել Մ. Ա.-ն եւ հայտնել, որ Շենգավիթի 11/28, 11/27 ընտրատեղամասերում մեծ խմբավորումներ են եւ 777 77 համարանիշի սեւ գույնի «Բրաբուս» մակնիշի մեքենայով գումարներ են բաժանում:
Նախապատրաստվում են նյութեր:
05.05.2013 թ., ժամը 14:00-ին ՀՅԴ
Թեժ գծից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՕԿԿ է զանգահարել Ս. Պ.-ն եւ հայտնել, որ թիվ 169 դպրոցի 12/20 ընտրատեղամասում ՀՀԿ-ից գործող ավագանու անդամ Հայրոն մշտապես գտնվում է հանձնաժողովի անդամների տարածքում, որին մի քանի անգամ դուրս են հրավիրել, սակայն ապարդյուն:
Նախապատրաստվում են նյութեր:
05.05.2013թ., ժամը 14:20-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՕԿԿ է զանգահարել Ա. Ս.-ն եւ հայտնել, որ թիվ 179 դպրոցում` 8/08 եւ 8/09 ընտրատեղամասերում վիճաբանություն է եւ ոստիկանները չեն կարողանում կարգավորել:
Նախապատրաստվում են նյութեր:
05.05.2013թ., ժամը 13:10-ին հետաքննիչը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը, ժամը 12:54-ին համացանցի «Henaran.am» կայքէջում տեղեկություն է զետեղվել, որ «Henaran.am»-ի խմբագրություն է ահազանգել Լ. Ա.-ն եւ հայտնել, որ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցությանը պատկանող «Հունդայի»> 188 ԼՍ 01 պ/հ ա/մ-ից Արաբկիրում, մասնավորապես Հր.Քոչար փողոցի 18 շենքի բակում գումար է բաժանվում ԲՀԿ-ի համար:
Կատարվում է հետաքննություն:
05.05.2013 թ. Էրեբունու բաժնում ստացվել է բաժնի պետին հասցեագրված թիվ 9/05 ընտրատեղամասում ծառայություն իրականացնող Էրեբունու բաժնի տեսուչի զեկուցագիրն այն մասին, որ 05.05.2013թ., ժամը 10:00-ին թիվ 9/05 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը եւ ՀԱԿ ներկայացուցիչ Վարդգես Գասպարին մոտեցել են իրեն եւ հայտնել, որ նշված տեղամասի դիմաց նկատել են մի երիտասարդ տղայի, ով քաղաքացիներին գումար է բաժանել:
Վ. Գասպարին հաղորդում է տվել, որ նկատել է 25 տարեկան մի երիտասարդի, ով 2-3 կանանց գումարներ է բաժանել եւ ինքը կասկածում է, որ նա ընտրակաշառք է բաժանել:
Ընտրատեղամասից ոստ. Էրեբունու բաժին բերման է ենթարկվել Ա. Կ.-ն, ով իր բացատրությամբ հերքել է ընտրակաշառք տալու հանագամանքը:
Կատարվում է հետաքննություն:
05.05.2013թ., ժամը 13:40-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունից ստացվել է համացանցի «Asekose.am» կայքէջում տեղադրված «Ծրարը թողել են, քվեաթերթիկը տարել» վերտառությամբ հոդվածն այն մասին, որ 05.05.2013թ., ժամը 10:15-ին Արաբկիրի վարչական շրջանի Ս.Զորյանի անվան թիվ 56 դպրոցում տեղակայված 5/27 տեղամասում հանձնաժողովի անդամներից մեկը հայտարարել է, որ քվեախցիկում դատարկ ծրար է եղել, որը քաղաքացիներից մեկը փոխանցել է հանձնաժողովի անդամներին:
Կատարվում է հետաքննություն:
05.05.2013թ. Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունից գրություն է ստացվել «Iditord.am» էլեկտրոնային կայքէջում տեղադրված հոդվածի վերաբերյալ, որ թիվ 6/01 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամների միջեւ բախումներ են տեղի ունեցել:
Կատարվում է հետաքննություն:




























