ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում ոսկրածուծի հայկական դոնորների պահանջի մասին ծանուցելու նպատակով երթ է տեղի ունեցել: Նախատեսվել է նաեւ հայերի համար հնարավոր դոնորներ գտնել: Այս մասին հաղորդել է «Glendale News-Press» պարբերականը:
Փիթեր Սթեֆանը ոսկրածուծի որոնումները սկսել է վերջերս, բայց լիմֆոմայի դեմ պայքարը նա սկսել է մի քանի տարի առաջ` քաշի հանկարծակի կորստից հետո: Դրանից հետո Ստեֆանը տարատեսակ բուժումներ է ստացել, այդ թվում եւ նրա սեփական ցողունային բջիջների կիրառմամբ: Բուժումները, կարծես արդյունավետ էին ընթացել, բայց շուտով լիմֆոման կրկին իրեն զգացնել է տվել եւ այժմ անհրաժեշտ է փոխել ոսկրածուծը: Բայց համապատասխան ոսկրածուծ գտնելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ Սթեֆանը հայ է:
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի նախագահ Ֆրիդա Ջորդանը հայտարարել է, որ միջցեղային կապերը հայկական գենետիկան եզակի են դարձրել: Ուստի ոսկրածուծը պետք է պատկանի նման գենետիկա ունեցող մեկին: Ջորդանն ու նրա աշխատակազմը հավաքել են ավելի քան 22 հազար դոնոր ամբողջ աշխարհում եւ առանձնացրել են ավելի քան 1500 հնարավոր դոնոր:
Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի բարեկամ Սինթիա Բասին չի կարողացել մասնակցել երթին, քանի որ լիմֆոմայի դեմ պայքարի համար քիմիաթերապիայի կուրս է անցնում, սակայն նա սերտ համագործակցում է Ջորդանի եւ նրա կազմակերպության հետ` ոսկրածուծի պահանջի մասին ծանուցումը տարածելու համար:
Թեեւ Բասիի համար համապատասխան դոնոր դեռ չի գտնվել, Սթեֆանը հաղորդել է, որ ուռուցքաբանական հիվանդանոցն ու «Հույսի քաղաք» գիտահետազոտական կենտրոնն իր համար դոնոր են գտել: Երբ Սթեֆանի կյանքը փրկվի, նա հույս ունի գտնել իր դոնորին եւ «ամուր, ամուր գրկել»:



























