Նյու Հեմփշիր նահանգի բնակիչը տանուլ է տվել իր խնայողությունները հսկա բանանի համար:
Մանչեսթր քաղաքի տոնավաճառում 30-ամյա Հենրի Գրիբոմը փորձել է իր երեխաների համար շահել Xbox Kinect խաղը: Տանուլ տալով 300 դոլար (Kinect-ի մանրածախ գինը 100 դոլար է)՝ ամերիկացին տուն է գնացել փողերի հետեւից եւ վերադարձել՝ հուսալով հետ վերադարձնել կորցրածը: Արդյունքում նա տանուլ է տվել իր բոլոր խնայողությունները՝ շուրջ 2600 դոլար:
Հաջորդ օրը Գրիբոմը բողոք է գրել՝ խաղի կազմակերպիչներին խաբեբայության մեջ մեղադրելով: Ի պատասխան կազմակերպիչները վերադարձրել են 600 դոլար եւ միաժամանակ նվիրել հսկա տիկնիկ-բանան: Սակայն անհաջողակ խաղացողին այս փոխհատուցումը դուր չի եկել, եւ նա ոստիկանություն է դիմել, գրում է lenta.ru-ն:
Ազարտային ամերիկացուն որոշել է օգնել CollegeHumor երգիծական կայքը: Խմբագրությունը խոստացել է Գրիբոմից բանանը գնել 2600 դոլարով, պայմանով, որ այդ խոստմամբ տեսագրությունը համացանցում հավաքի 26 հազար «լայք»: Եթե «լայքերի» թիվը հասնի 30 հազարի, CollegeHumor-ը խոստացել է Գրիբոմի երեխաներին նվիրել նաեւ Kinect: Տեսահոլովակի «լայքերն» արդեն գերազանցել են 39 հազարը:




























