Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է նախորդ տարի հունիսին Վարդենիսի Ակունք գյուղում 25-ամյա կնոջ` մկնասպան պատրաստուկ խմելու եւ երկու անչափահաս երեխաներին նույն պատրաստուկը խմեցնելու դեպքի քննությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դատարանը Քրիստինե Գալստյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով եւ դատապարտել ազատազրկման 12 տարի ժամկետով: Քրիստինե Գալստյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, փոփոխվել է եւ ընտրվել կալանավորում: Ամբաստանյալին կալանքի են վերցնել դատական նիստի դահլիճում:
Դատաքննության ընթացքում հետաքրքիր մանրամասներ են ի հայտ եկել: Պարզվել է, որ Քրիստինե Գալստյանը այդ քայլին դիմել է ամուսնու եւ սկեսրոջ պատճառով. քանի որ նրանք իրեն միշտ ճնշել են: Կինը դատարանում պատմել է, որ 8 տարի ընդհանրապես չի իմացել, թե ամուսնական կյանքն ինչ բան է, մշտապես վեճեր ֆինանսական խնդիրների հետ կապված, խանդի տեսարաններ եւ այլն:
Քրիստինե Գալստյանը ասել է, թե առաջին որդու ծնվելուց հետո անընդհատ մտածում էր, թե ամեն ինչ լավ կլինի, սակայն վեճերն ու կռիվները շարունակվել են, ոսկեղենը միշտ բանկերում է եղել, իրեն խանդել են նույնիսկ հորաքրոջ ամուսնու նկատմամբ, քանի որ վերջինս տուն ներս մտնելուց հետո համբուրում էր իրեն` որպես հարգված հարս: Կինը պատմել է, որ սկեսրայրն իրեն նույնիսկ անբարոյական է անվանել, այդ ժամանակ ինքը նորից դեղահաբ է խմել: Վեճերը ավելի են թեժացել, երբ ամուսինը սկսել է ալկոհոլ օգտագործել, սոցիալական ցանցերով շփվել: Այդ ամենից հետո նա գնացել է Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղ, որտեղ բնակվել է իր հոր ընկերը, իսկ ամուսինը եղել է Լենինգրադում: Դեպքի օրը առավոտյան տնից դուրս գալուց կինը ասել է, թե գնում է Վարդենիս քաղաք` երեխային կոշիկ գնելու, սակայն գնել է դեղը եւ վերադարձել տուն: Նախ ինքն է խմել դեղը, ապա 15 րոպե անց զանգահարել է ամուսինը, անբարո խոսքեր է ասել, ինքն էլ մտածելով, որ եթե ինքը չլինի, թող իր երեխաներն էլ չլինեն, անգիտակցաբար խմեցրել է իր որդիներին:
Դեպքի օրը Քրիստինեն հաղորդագրություն է ուղարկել հարսին` գրելով, թե «Թամ ջան մորս լավ կնայես, ես ձեզ սաղիդ շատ սիրում եմ, քուր ջան», վերջինս հետ է զանգահարել, Քրիստինեն պատասխանել է, որ անձնական վիրավորանքի պատճառով երեխաներին դեղ է տվել: Անմիջապես հեռախոսն անջատել է, զանգահարել տանտիրոջը, ձայն են տվել հարեւաններին, շտապօգնություն կանչել, արթնացրել երեխաներին եւ տեղափոխել հիվանդանոց:
Քրիստինե Գալստյանի ամուսինն էլ դատարանում հերքել է, թե սպառնացել եւ հայհոյել է Քրիստինեին: Նա պատմել է, թե պարզել է, որ Քրիստինեն «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով կապի մեջ է եղել տարբեր մարդկանց հետ, դրանից հետո զանգել է Քրիստինեին, բայց վերջինս միացնելով հեռախոսը, չի խոսել: Հայաստան վերադառնալուց հետո չի կարողացել գտնել կնոջը եւ երկու երեխաներին, լրատվամիջոցներից է տեղեկացել դեպքի մասին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վարդենիսի Ակունք գյուղում 25-ամյա մի մայրիկ փորձել է ինքնասպանություն գործել, ինչպես նաեւ սպանել իր երկու փոքրիկ՝ երեք ու վեց տարեկան որդիներին: Նա մկնդեղ է խմեցրել նրանց եւ քնեցրել, ինչից հետո ինքն է խմել: Սակայն երբ նրանց ինքնազգացողությունը վատացել է, նրանց մտերիմները տեղափոխել են Վարդենիսի հիվանդանոց: Բարեբախտաբար թե մայրը, թե երեխաները կենդանի են մնացել: Ոստիկանությունում հարուցվել էր քրգործ 34-104 հոդվածի 2-դ մասի 1-ին հատվածով (սպանության հանցափորձ):




























