«Ռեյնի գերմանական թատրոնի» ղեկավարությունը պրեմիերայից չորս օր անց ստիպված է եղել խաղացանկից հանել Ռիխարդ Վագների «Տանգեյզեր» օպերայի բեմադրությունը` հասարակական դժգոհության պատճառով: Այդ մասին հայտնել է թատրոնի տնօրեն Քրիստոֆ Մայերը:
Դյուսելդորֆի բեմում Բուրկհարդտ Կոսմինսկիի բեմադրած օպերայում գործողությունները տեղափոխված են նացիստների ժամանակներ: Ներկայացումը պարունակում է ցնցող տեսարաններ Հոլոքոստի զոհերի գնդակահարություններից,նաեւ մարդկանց այրում գազախցիկներում:
Օպերայի ավանդական մեկնաբանության մեջ գործող անձինք տրուբադուրները, ասպետներն ու աստվածուհիներն են, իսկ նոր մեկնաբանության մեջ պոետ եւ երգիչ Տանգեյզերը վերածվել է համակենտրոնացման ճամբարի պահակի, ով սպանում է հրեաներին:
Մայերը նշել է, թե թատրոնի ղեկավարությունը ռեժիսորին խնդրել է հանել այդ դրվագները, սակայն Կոսմինսկին հրաժարվել է «գեղարվեստական դրդապատճառներով»:




























