Ռուս ջրասուզորդները Բալթիկ ծովի հատակին հայտնաբերել են 1857թ. խորտակված «Լեֆորտ» առագաստանավը: Ընդ որում, սուզորդները փնտրում էին միանգամայն այլ նավ` 1942թ. խորտակված խորհրդային Շչ-320 սուզանավը:
Ջրասուզորդները կարողացել են իջնել առագաստանավի մոտ եւ հետազոտել այն: Նավի կմախքը լավ պահպանված է եղել, սուզորդները ներսում հայտնաբերել են սառը զենք եւ հրազեն, սպասք, նավի սարքավորումներ, ռազմածովային իրեր եւ նույնիսկ անձնակազմի անդամների մնացորդներ, գրում է utro.ru-ն:
«Լեֆորտ» նավը ծով էր դուրս եկել 1835թ. Սանկտ Պետերբուրգում, այն մտնում էր Բալթիկ նավատորմի կազմում եւ Ղրիմի պատերազմի ժամանակ պաշտպանում էր Կրոնշդատը: Առագաստանավը խորտակվել էր 1857թ. սեպտեմբերին, երբ այն Ռեւելից դեպի Կրոնշդատ էր լողում: Զոհվել էին նավի վրա եղած բոլոր 843 մարդիկ:




























