Հայաստանում բոլոր կազմակերպությունների եւ անհատ տաքսիստների ծառայությունների համար վճարը նույնն է.  մեկ կիլոմետրի համար` 100 դրամ: Սակայն շատ հաճախ նույն տարածության համար տարբեր կազմակերպություններ եւ տարբեր վարորդներ տարբեր գին են պահանջում:

Տողերիս հեղինակին մի քաղաքացի պատմեց, որ իր տունը աշխատավայրից  մոտ 7 կմ հեռավորության վրա է: Ազնիվ վարորդները, իսկ դրանք, բարեբախտաբար, քիչ չեն, ներկայացնում են 700  դրամի հաշիվ: Սակայն եղել են դեպքեր, երբ պահանջել են 1000, 1300, անգամ 1500 դրամ:

Ինչպես հայտնի է, մեքենայի սրահում, ուղեւորների համար տեսանելի տեղում պետք է տաքսոմետր լինի: Սակայն նույն  7 կմ-ի համար մի անգամ պահանջել են 900 դրամ, եւ, ավելին, ցույց տվել տաքսոմետրի համատասխան թիվը: Թե ինչպես է հնարավոր յոթ կիլոմետրը դարձնել ինը, հարցրեցինք «Տաքսի ծառայություն» կազմակերպության ղեկավար Վահան Սահակյանին:

Սահակյանի խոսքով` տարբեր արտադրությունների տաքսոմետրներ կան, ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան, որոնք պաշտպանության տարբեր աստիճան ունեն: Կան սարքավորումներ, որոնք հնարավոր է հանգիստ կոտրել եւ փոխել ծրագիրը` «աճողական թվերով»:

Խնդիրն այն է, որ մեզանում իրավական ակտով համապատասխան պետական մարմինների կողմից տաքսոմետրների ստուգում նախատեսված չէ: Ենթադրվում է, որ դրանով պետք է զբաղվեր ստանդարտների ազգային ինստիտուտը, սակայն վերջինս  էլեկտրոնային սարքերի ճշգրտությունն ստուգող ժամանակակից սարքավորումներ չունի:

Տաքսու վարորդների խարդախությունների հարցն առավել հրատապ է դառնում գազի թանկացումենրի ֆոնին, քանի որ հայտնի է, որ դրանց մեծ մասը սեղմած գազ են օգտագործում:

Ընթացիկ տարվա ապրիլին 1 խմ բնական գազի արժեքը եղել է  միջինը 187,7 դրամ: Միաժամանակ, այս ամիս բենզինի մանրածախ գինը մեկ լիտրի դիմաց կազմել է 490 դրամ: Սրանով էլ բացատրվում է սեղմած գազի պահանջարկը:

Շուտով իրավիճակը կփոխվի, եւ դժվար է կանխատեսել, թե տաքսի ծառայություններն ու անհատ տաքսիստներն ինչպես կարձագանքեն դրան:

Ալբերտ Խաչատրյան