Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է Է. Եփրեմյանի կողմից թիվ 09/17 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Է. Եփրեմյանը, ով հանդիսանում է թիվ 08 ընտրատեղամասի ընտրող, Երեւանի ավագանու ընտրությունների օրը` 2013թ. մայիսի 5-ին, իր ընտրատեղամասում քվեարկելուց հետո գնացել է թիվ 09/17 ընտրատեղամաս եւ փորձել կրկին քվեարկել, ինչը կանխվել է հանձնաժողովի կողմից:

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ՔԳՎ Երեւանի ՔՎ Կենտրոնականի քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա Է.Եփրեմյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարաչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: