Եթե ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հրապարակավ հայտարարում է, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող լինել, ապա ակնհայտ եւ տրամաբանական է, որ իշխանության դեմ չի կարող դուրս գալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգության» փոխնախագահ, «Բարեւ Երեւան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը:
Նա շեշտեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չի ասել որեւէ բան, որը մինչեւ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն է եղել, այնպես որ փակ հանդիպման ֆորմատը Րաֆֆի Հովհաննիսյանը պահպանել է:
«Եթե այդպիսի հանդիպումը եւս ձայնագրվում է, խնդիր չեմ տեսնում, թող հրապարակեն: Որեւէ կասկած չունեմ, որ այնտեղ այնպիսի բան լինի, որ պարոն Հովհաննիսյանը հրապարակային չի ասել»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հետ ունեցած հանդիպումներում բացառել է, որ երբեւէ դեմ կգնա գործող իշխանություններին:
Նա նշել էր, որ իր համար անակնկալ չէր ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը: «Գոնե Գագիկ Ծառուկյանը, ում հետ երկու անգամ հանդիպել եմ, այն եզակի մարդկանցից է, ով միշտ ինձ հետ եղել է անկեղծ: Եւ այդ անկեղծությունը դեմ-դիմաց, իմ աչքերի մեջ նայելով, բացառել է, եր երբեւէ դուրս կգա իշխանության դեմ»,- ասել էր Հովհաննիսյանը:
Դրանից հետո ԲՀԿ մամուլի խոսնակը հայտարարություն է տարածել` նշելով. «Րաֆֆի Հովհաննիսյանը չուներ բարոյական որեւէ իրավունք` խախտելու փակ հանդիպման սկզբունքը եւ համատեքստից դուրս ներկայացնելու ոչ լիարժեք տեղեկատվություն: Այնուհանդերձ, մենք սա գնահատում ենք որպես պահի տակ արված զգացմունքային անճշտություն, հակառակ պարագայում չենք բացառում հրապարակել առանձնազրույցի ամբողջական ձայնագրությունը, որի արդյունքում իր համակիրների բազմաթիվ հարցերին ստիպված կլինի պատասխանել հենց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նշեմ նաեւ, որ նրանց հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԲՀԿ-ից Վարդան Օսկանյանը, Վահե Հովհաննիսյանը, Նաիրա Զոհրաբյանը, «Ժառանգությունից»` Հովսեփ Խուրշուդյանը, Ռուբեն Հակոբյանը»:




























