Հայաստանում դեռ ոչ ոք չի հաշվել, թե որքան է օգնել ժողովրդագրությանը անվճար ծննդօգնությունը եւ ծննդյան փաստները: Իսկ փոքր ՀԷԿ-երի «նպաստների» արդյունքն աչքի առաջ է. այսօր դրանք 136-ն են: Օգնություն՝ սրտի ուզածի չափ. դրսի ծրագրերով նպաստավոր վարկեր, նույնքան նպաստավոր՝ 15 տարվա սակագին:
Հենց այդ 15 տարում էլ ստեղծվել է ՀԷԿ-երի մեծ մասը: Արտոնությունների մեծ մասի ժամկետները լրանում են: Կառավարությունում էլ քննարկում են, թե ծնողական գգվանքը դեռ որքան պիտի տեւի: Բայց թե ինչ նպատակով:
«Թող կառավարությունը հիշի, թե ում հաշվին են այդ արտոնությունները, եթե ոչ սպառողներիս», -նշում է ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Հայաստանի ֆոկուսային խմբի ղեկավար Արամ Գաբրիելյանը: «Այդ արտոնյալ սակագնի համար ի վերջո մենք ենք վճարում: Իսկ եթե փոքր ՀԷԿ-երն այդքան հաջողել են, ապա ինչո՞ւ ուժերը չեն փորձում ազատ մրցակցությամբ: Թող այնպիսի գին առաջարկեն, որին «Էլեկտրացանցերը» համաձայնեն առանց պետական միջամտության»,-առաջարկում է Ա. Գաբրիելյանը:
Փոքր ՀԷԿ-երը հասակ առան մեզանից գանձված սուբսիդիաների շնորհիվ: Իսկ կան այլ ուղղություններ, որոնց համար սուբսիդիաները ոչ պակաս անհրաժեշտ են: Արժե դրանք վերաբաշխել, որպեսզի տարիներ հետո ստանանք եւս մի կաթիլ մաքուր էներգիա: Եւ ինչը ոչ պակաս կարեւոր է՝ սեփական էներգիա: Իսկ մենք փոքր ՀԷԿ-երը փոքրի պես պահել, քամու էներգիան՝ քամուն ենք տվել:
Դեռ 2001 թ. USAID-ի աջակցությամբ, ստեղծվել է Հայաստանի հողմային էներգիայի ատլասը եւ մի շարք այլ հետազոություններ: Այնտեղ առանձնացվել են առավել խոստումնալից շրջաներն՝ ապագա կայանների համար: Զոդի սարահարթը եւ Կարախաչի լեռնանցքը ընտրել են երկու ներդրող, սակայն մինչ օրս աշխատանքները չեն սկսել: Պետական սակագինը` 35 դրամ՝ առանց ԱԱՀ-ի, բավարար չէ հետգնման եւ շահույթի համար: Այն կապակցված է եվրոյին (քանի որ հողմային տուրբինների սարքավորումները հիմնականում եվրոպական են), բայց սակագնի ամենամյա վերանայումը թույլ չի տալիս կանխատեսել ֆինանսական հոսքերը նույնիսկ կարճ ժամկետներում: Իսկ արտարժութային ռիսկը եւ փոփոխական սակագինը բանկային վարկը կթանկացնեն եւս մի քանի տոկոսով:
Մի խոսքով՝ գազին գազ տված, քամին՝ քամուն տված: Որովհետեւ գազի սակագինը՝ խոշոր սպառողների համար կապակցվում է դոլարին: Այդպիսով, օպերատորը պաշտպանված է արտարժութային ռիսկերից: Պաշտպանության վճարողը կրկին մենք ենք, եւ այդ վճարումներն անգամներով ավելի շատ են, քան հողմային, ջրային եւ արեւային ռեսուրսների զարգացման աջակցությունը՝ միասին վերցրած: Բայց թեկուզ այդ (համեմատաբար) համեստ գումարը, որը բաժին է հասնում փոքր ՀԷԿ-երին, կարելի է վերաբաշխել հօգուտ հողմի եւ արեւի: Իսկ առայժմ միակ գործող հողմակայանը՝ Պուշկինի լեռնանցքում, ունի ընդամենը 4 տուրբին: Եւ եթե չլիներ Իրանի գրանիտը, պարզ չէ, կստեղծվեր, թե՝ ոչ:
Միջին կշռված սակագինը 2012 թ կազմել էր 21.5 դրամ՝ կՎտ/ժ-ի համար: 9 դրամը էլցանցի մարժան էր, 12-ը՝ նրա կողմից գնվող էլեկտրաէներգիայի միջին սակագինը: Իսկ ՀԷԿ-երը գետերի վրա (կան եւ ոռոգման ցանցերի եւ խմելու ջրագծերի վրա կառուցվածները, բայց փոքրաթիվ են) սակագինը սահմանված է 17.2 դրամ առանց ԱԱՀ-ի: ԱԱՀ-ով՝ 20.6 դրամ, կամ միջինից 8 դրամով բարձր: Այդքանով սուբսիդավորում ենք ՀԷԿ-երի արտադրած ամեն կՎտ.ժամը: Ինչո՞ւ դրանից բաժին չի հասնում ուրիշներին:




























