Լեռնային Ղարաբաղի հարցում գոյություն ունեցող ստատուս-քվոն չի բավարարում կողմերին, եւ խոսքն, առաջին հերթին, այն մասին է, որ բանակցային գործընթացը, որը տեւում է արդեն 20 տարի, պետք է գտնի իր տրամաբանական ավարտը: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

Նրա խոսքով՝ ստատուս-քվոն անընդունելի է այն տեսանկյունից, որ երկարատեւ բանակցային գործընթացը պետք է բերի խաղաղության պայմանագրի կնքման, որտեղ ներառված կլինեն ոչ միայն հիմնարար սկզբունքները, այլեւ համապատասխան կարգավիճակ ԼՂՀ-ի համար:

Քաղաքագետը նշեց, որ ԼՂՀ ազատագրված տարածքները ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի հսկողության ներքո են եւ դա այն անվտանգության գոտին են, այն իրական հանգամանքը, որը թույլ է տալիս բանակցային գործընթաց վարել Ադրբեջանի հետ:
Ինչ վերաբերում է Հայաստանի շրջափակմանը, քաղաքագետը նշեց, որ դա փաստ է: «Սակայն Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը ստատուս-քվոյի անընդունելի լինելու մասին, չի նշանակում, որ ռուսական կողմի դիրքորոշումը որեւէ փոփոխության կենթարկվի»,-ամփոփեց նա:

Նշենք, որ մայիսի  21-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ  համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ «առկա ստատուս-քվոն, անխոս, անընդունելի է ինչպես Հայաստանի եւ Ադրբեջանի, այնպես էլ Ղարաբաղի բնակիչների համար»: