«Թրանփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը դիմել է ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով՝ հիմք ընդունելով «Հետք» ինտերնետային լրատվամիջոցի 2013թ. ապրիլի 17-ին հրապարակված «Աժ-ում՝ ընտանյոք հանդերձ, կամ ովքե՞ր են պատգամավորների օգնականները» վերտառությամբ հոդվածը, որն անդրադառնում է պատգամավորի օգնականի ինստիտուտին եւ այն համալրելու պրակտիկային, մասնավորապես, ընտանիքի անդամներով կամ ազգականներով այդ հաստիքը համալրելուն:
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «Պատգամավորը կարող է ունենալ երկու օգնական, որոնցից մեկն աշխատում է վճարովի, իսկ մյուսը` հասարակական հիմունքներով»: Ընդ որում, վճարովի հիմունքներով աշխատող օգնականն աշխատանքի է ընդունվում ժամկետային պայմանագրով, համապատասխան պատգամավորի ներկայացմամբ, որպիսի իրավակարգավորում նախատեսված չէ հասարակական հիմունքներով աշխատող օգնականի աշխատանքի ընդունվելու դեպքում:
Պատգամավորի կողմից օգնականի (վճարովի) թեկնածություն ներկայացնելու իրավունքը բացարձակ է, որեւէ սահմանափակում չունի, ինչն էլ հնարավորություն է տալիս պատգամավորին իր մերձավոր ազգականներին կամ բարեկամներին «դարձնել» օգնական եւ աշխատել համատեղ: Վերոնշյալ հրապարակման մեջ բերված տվյալներից ակնհայտ երեւում է, որ մերձավոր ազգականները հիմնականում զբաղեցնում են վճարովի հիմունքներով աշխատող օգնականի հաստիքը:
Այդուհանդերձ, ցանկանում ենք նշել, որ մեր կողմից սույն դիմումով բարձրացվող խնդիրը չի վերաբերում վճարովի կամ հասարակական հիմքունքներով աշխատելու փաստին, այլ՝ երեւույթի իրավական եւ բարոյական կողմին: Համատեղությամբ աշխատելու վերաբերյալ օրենսդրական սահմանափակում է նախատեսված «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով, որի 23-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն «Հանրային ծառայողին եւ բարձրաստիճան պաշտոնատար անձին արգելվում է համատեղ աշխատել իր հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր եւ քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ (բացառությամբ պատգամավորների)»:
Պատգամավորների համար նման օրենսդրական բացառությունը, կարծում ենք, չի բխում իրավական պետության բաղկացուցիչը համարվող օրենքի գերակայության սկզբունքից, ինչի հետեւանքով չի ձեւավորվում պատգամավորի եւ նրա վճարովի հիմքունքներով աշխատող օգնականի վարձատրությունն ապահովվող հարկատու հանրության վստահությունը պատգամավորի ինստիտուտի եւ հարգանքը՝ այն ներկայացնող մարմնի նկատմամբ: Մինչդեռ, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն պատգամավորը պարտավոր է իր գործունեությամբ նպաuտել Ազգային ժողովի նկատմամբ վuտահության եւ հարգանքի ձեւավորմանը:
Վերոնշյալի հիման վրա դիմելով Էթիկայի հանձնաժողովին` ԹԻ ՀԿ-ն խնդրել է քննության առնել դիմումում բարձրացված հարցերը, եւ արտահայտել դիրքորոշում օրենսդրության եւ իրավակիրառ պրակտիկայի՝ էթիկայի նորմերի շրջանակում լինելու վերաբերյալ:




























