Արցախի Հանրապետության Ազգային ժողովում, այսօր՝ հունվարի 6-ին, ավարտվել են 2012թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախնական քննարկումները, որոնց արդյունքների ամփոփմանն էր նվիրված գլխադասային՝  ԱԺ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի եզրափակիչ նիստը։

ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստին ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, աշխատակազմի ծառայությունների պատասխանատուներ, կառավարության պաշտոնական ներկայացուցիչ՝ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար, գլխավոր գանձապետ Նվեր Բաղդասարյանը։

Համաձայն սահմանված ժամանակացույցի՝ նիստը վարող գլխադասային հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը նշել է, որ բյուջեի տարեկան հաշվետվությունը հանգամանալի քննարկվել է խորհրդարանի բոլոր մշտական հանձնաժողովներում ու պատգամավորական խումբ-խմբակցություններում, հնչած առաջարկությունները եւ նկատառումներն ամփոփ տեսքով ներկայացվել են գործադիրի ուշադրությանը։

Հանձնաժողովի նիստում հնչել են լրացուցիչ նկատառումներ։ Մասնավորապես, ԱԺ նախագահը կարծիք է հայտնել, որ նպատակահարմար է՝ ընդառաջելով պատգամավորների առաջարկություններին, այդ եւ նման կարգի փաստաթղթերի հետագա քննարկումներին մասնակից անել նաեւ մայրաքաղաքի եւ շրջանների ղեկավարներին՝ տարածքային կառավարման մարմինների գործունեությանն առնչվող ֆինանսատնտեսական տվյալները նրանց միջոցով լրացուցիչ ճշտելու եւ այդպիսով տեղերում տիրող իրավիճակի վերաբերյալ առավել  հստակ պատկերացում կազմելու նպատակով։

Հանձնաժողովը որոշել է  ԼՂՀ 2012թ. պետբյուջեի կատարողականը դրական եզրակացությամբ երաշխավորել խորհրդարանի առաջիկա լիագումար նիստի քննարկմանը։