Թուրքիայի իշխող Ազատության եւ արդարության կուսակցության՝ հունիսի 16-ին Ստամբուլում սեփական կողմնակիցների հանրահավաք անցկացնելու որոշումը շատ պատասխանատու է, քանի որ հետեւանքները կարող են անկանխատեսելի լինել: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ի մամուլի ասուլիսում հայտնել է ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Ըստ նրա` իշխող կուսակցության հանրահավաքներն ավելի կազմակերպված անցկացնելու եւ բախումներից խուսափելու փորձեր կարվեն: Ինչ վերաբերում է բուն ցույցերին, ապա ըստ թուրքագետի, անհրաժեշտ է հետաքրքիր փաստ արձանագրել. Երբ նման ակցիաների ժամանակ պետությունն ուժ էր կիրառում, ցուցարարները ցրվում էին եւ այլեւս չէին հավաքվում, սակայն այս անգամ պատկերը միանգամայն այլ է: «Ցուցարարները օրերն անցկացնում են Թաքսիմ հրապարակում: Այս ամենը վկայում է, որ թուրքական պետությունը կորցրել է նախկին ուժը», - նշել է Ռուբեն Սաֆրաստյանը:
Նա նաեւ ընդգծել է, որ թուրքական քաղաքական էլիտան չի սատարում բողոքի շարժումը: «Թաքսիմ հրապարակում կազմակերպված ցույցերին քաղաքական ուժերի եւ կուսակցությունների ներկայացուցիչներ գրեթե չեն մասնակցել: Դա վկայում է, որ Թուրքիայում քաղաքական ուժերի բալանսը չի արտացոլում ներկայումս երկրում կատարվող իրադարձությունները», - ասել է Ռուբեն Սաֆրաստյանը՝ հայտնելով, որ 2014թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ասպարեզում կարող են հայտնվել նոր քաղաքական ուժեր, որոնք կներկայացնեն ցուցարարների շահերը: «Այդպիսով, ակնհայտ է, որ Թուրքիայում քաղաքական շերտերի եւ զանգվածային շարժման շահերը չեն համընկնում», - եզրակացրել է թուրքագետը:
Հիշեցնենք, որ հակակառավարական զանգվածային ցույցերը սկսվել են երկու շաբաթ առաջ, երբ Ստամբուլում «Գեզի» այգու պաշտպանների բողոքի ցույցը փորձել էին ցրել ջրցան մեքենաներով: Շատ շուտով բնապահպանական բողոքը վերաճել էր քաղաքականի եւ տարածվել ողջ երկրով:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am




























