Փաստաբաններն այսօր` հունիսի 10-ին, գործադուլ են սկսել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Անի Թորոսյանը:
Նա նշեց, որ գործադուլի շրջանակներում այսօր միջոցառում է եղել, փաստաբանները հավաքվել են «Կոնգրես» հյուրանոցում, հնչել են ելույթներ, հայտնել են իրենց մտահոգությունները, հրավիրված են եղել բանախոսներ Դատական դեպարտամենտից, եղել է հարցուպատասխան:
Գործադուլ անող փաստաբաններին էլեկտրոնային եւ sms հաղորդագրության միջոցով միացողները 201-ն էին, դահլիճում եւս նրանց միացողներ եղավ, վերջնական հաշվարկները այժմ արվում են, ավելի ուշ կհրապարակեն: Վաղը եւս փաստաբանները գործադուլ կանեն: «Մենք նախատեսում ենք երկու օր շարունակ հնարավորինս շատ հարցը բարձրացնել լրատվամիջոցներով, տարբեր հարթակներում»,- նշեց փաստաբանը:
Անի Թորոսյանի խոսքով` դատական դեպարտամենտը մնում է իր դիրքորոշմանը, որ այստեղ անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, իսկ փաստաբանները մնում են իրենց դիրքորոշմանը, որ օրենսդրական փոփոխությունները այնքան անհրաժեշտ չեն, որքան դատարանների եւ դատավորների տակտիկան փոխելը:
Նշենք, որ փաստաբանների բողոքի պատճառն այն է, որ Վճռաբեկ դատարանը բողոքներն առանց պատճառաբանության կամ ոչինչ չասող պատճառաբանությամբ վերադարձնում է: Դրանից բացի` բողոքի քննությունը եւ որոշումը շատ ուշացած է գալիս: Փաստաբանները շեշտում են, որ Վճռաբեկ դատարանի գործելակերպի պատճառով քաղաքացիները դիմում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, եւ ՄԻԵԴ-ն էլ հիմնականում որոշումը կայացնում է ընդդեմ Հայաստանի Հանրապետության, եւ պետությունը ստիպված է իր բյուջեից վճարել քաղաքացուն:
Փաստաբանները նաեւ հայտնել էին, որ եթե գործադուլը որեւէ արդյունք չտա, իրենք կմտածեն արդեն հետագա քայլերի մասին:




























