«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հունիսի 10-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 412.50 դրամ; Հունիսի 7-ի համեմատ դոլարն էժանացել է 0.96 կետով կամ 0.23%-ով: Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկը անցյալ շաբաթ շուկայից գնել է 500 հազ. դոլար՝ փորձելով մեղմել դոլարի սեզոնային անկման տեմպը: Սակայն միջամտության ծավալը մեծ չի եղել:
Բորսայում այսօր վաճառվել է 1.5 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքն իջել է մինչեւ 410 դրամ, վաճառքինը՝ 413-414 դրամ:
Forex միջազգային շուկայում դոլարն այսօր սկսել է ամրապնդվել եվրոյի նկատմամբ, քանի որ ուրբաթ հրապարակված տվյալների համաձայն՝ ԱՄՆ տնտեսությունը մայիսին ավելի շատ աշխատատեղ է ստեղծել, քան կանխատեսվում էր: Եվրոն այսօր կեսօրին սակարկվում էր 1.3187 դոլար փոխարժեքով:
Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 32,2397 ռուբլի: Դոլարը զգալի թանկացել է ռուբլու նկատմամբ:



























