Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր՝ հունվարի 11-ին, ներկա է գտնվել Երեւանի ավագանու հատուկ նիստում Երեւանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնը ստանձնելու երդման հանդիսավոր արարողությանը:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նախագահը շնորհավորել է Տարոն Մարգարյանին, Երեւանի ավագանու բոլոր անդամներին, քաղաքապետարանի աշխատակազմին՝ ավագանու եւ քաղաքապետի ընտրությունների բարեհաջող ավարտի եւ նոր պատասխանատվություն ստանձնելու կապակցությամբ, համոզվածություն հայտնել, որ այդ պատասխանատու աշխատանքը նրանք կատարելու են պատվով:
Ընդգծելով, որ Հանրապետական կուսակցությունը վստահել է Տարոն Մարգարյանին՝ Երեւանի ավագանու ընտրություններում գլխավորել իր ցուցակը, նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր երեւանցիներին՝ Տարոն Մարգարյանին նույնպիսի վստահությամբ վերաբերվելու համար: Նորընտիր քաղաքապետին երեւանցիները վստահեցին, քանի որ, ըստ Հանրապետության նախագահի, նախորդ երկու տարիների ընթացքում Տարոն Մարգարյանն իրեն դրսեւորեց որպես համեստ, ազնիվ, մարդամոտ եւ Երեւանի պրոբլեմներով մտահոգ քաղաքապետ:
«Բոլոր ընտրություններից հետո առնվազն գալիս են պատասխանատվության եւ տքնաջան աշխատանքի պահերը, եւ ես համոզված եմ, որ հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի Տարոն Մարգարյանը եւ իր թիմակիցներն ավելացնեն իրենց եռանդը, ջանքերը, որպեսզի զարգացնեն այն որակները, ինչի մասին ես հիմա ասացի»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով մայրաքաղաքի խնդիրներին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ չկան անլուծելի եւ լուծելի խնդիրներ, կան դժվար եւ աշխատանքով լուծվող խնդիրներ: Նախագահը համոզվածություն է հայտնել, որ եթե Տարոն Մարգարյանը, իր թիմակիցները, Երեւանի ավագանին շարունակեն վայելել երեւանցիների վստահությունը, ապա նրանք շատ բան կարող են անել. քաղաքացիների վստահությամբ, իրոք, շատ խնդիրներ կարելի է լուծել: Իբրեւ օրինակ, Հանրապետության նախագահը ներկայացրել է քաղաքապետի եւ ավագանու տքնաջան աշխատանքի շնորհիվ ու երեւանցիների օգնությամբ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարյուրավոր բակեր իրենց օրինական տերերին՝ բնակիչներին եւ առաջին հերթին երեխաներին վերադարձնելը՝ այդպիսով վերստին շահելով երեւանցիների վստահությունը: 90-ական թվականների սկզբներին, Սերժ Սարգսյանի խոսքով, այդ բակերում տեղադրված բազմաթիվ ավտոտնակները, բանջարանոցների վերածված կամ այլ նպատակներով օգտագործվող խաղահրապարակներն իրենց բուն նշանակությանը վերադարձնելու հարցում երեւանցիները թերահավատ էին՝ մտածելով, որ եթե հանեն իրենց ավտոտնակը, ապա դրա փոխարեն մի պետական պաշտոնյա կամ մի մեծահարուստ իր ավտոտնակը պետք է այդտեղ տեղադրի: Վերջին տարիներին իրականացված աշխատանքները նկատի առնելով՝ Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, ապագա չորս տարիների ընթացքում Երեւանում չի լինելու անբարեկարգ բակ, որովհետեւ գործընթացը շարունակվում է՝ գնալով Երեւանի քաղաքապետարանն ավելացնելու է սեփական միջոցների հավաքագրումը, պետության կողմից տրվող միջոցներն ավելանալու են, ուստի, այդ պարագաներում խնդիրը կարելի է գրեթե լուծված համարել: «Ես ակնկալում եմ, որ գոնե երրորդ տարվա վերջին Տարոն Մարգարյանը կարող է բարձրաձայն ասել, որ Երեւանում այլեւս անխնամ ու անբարեկարգ բակ չկա: Իհարկե, ես այսօր չեմ պատրաստվում թվարկել Երեւանում առկա բոլոր խնդիրները: Ես հավատում եմ, որ Երեւանի ավագանին նոր ուժերով կարողանալու է մեր բոլորի կողմից սիրված Երեւանը դարձնել ավելի հարմարավետ, ավելի հաճելի, ավելի գեղեցիկ եւ՛ երեւանցիների համար, եւ՛ իր հյուրերի համար»,-ասել է Սերժ Սարգսյանը եւ հաջողություն մաղթել նորընտիր քաղաքապետին, Երեւանի ավագանու անդամներին եւ քաղաքապետարանի աշխատակազմին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























