Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակը 2012 թ. բարելավվել է: Այդ մասին այսօր՝ հունիսի 11-ին, ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը՝ ներկայացնելով ՀՀ 2012 թ. պետական բյուջեի կատարողականը:
Նրա ներկայացմամբ՝ 2012 թ. արձանագրվել է 7,2% տնտեսական աճ, որին նպաստել են բոլոր ճյուղերը: Արդյունաբերությունն ունեցել է 7% իրական աճ, 1,2 տոկոսային կետով նպաստելով տնտեսական աճին: Ըստ ֆինանսների նախարարի՝ աճ արձանագրվել է ինչպես հանքագործական, այնպես էլ մշակող արդյունաբերության մասով:
Գյուղատնտեսության աճը 2012 թ. կազմել է 9,5%, իսկ տնտեսական աճին նպաստելու աստիճանն ավելի բարձր է եղել, քան արդյունաբերությանը՝ 1,9 տոկոսային կետ: Դ. Սարգսյանը նշեց, որ տոկոսադրույքների լայնածավալ սուբսիդավորման շնորհիվ գյուղացիությունը ստացել է 17,4 մլրդ դրամի վարկեր՝ 8-10 տոկոսադրույքով:
Նկատվել է նաեւ շինարարական ճյուղի կայունացում՝ նախորդ տարիների անկման փոխարեն գրանցվել է 3,3 % աճ:




























