ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարը հունիսի 17-20-ին կայցելի Հարավային Կովկասի տարածաշրջան: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ ահդնիպման ժամանակ նշել է Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի տնօրենի պաշտոնակատար Եվգենի Պերեբիյնիսը:

«Հունիսի 17-20-ին Ուկրաինայի ԱԳ նախարար եւ ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարը կայցելի Հարավային Կովկասի երկրներ: Հունիսի 17-18-ին նա կայցելի Ադրբեջան, 18-19-ին կլինի Հայաստանում: Այցի ընթացքում Կոժարը կհանդիպի այդ երկրների ղեկավարներին, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին:

Նման այցի նպատակը տարածաշրջանում ԵԱՀԿ գործունեության արդիական հարցերի քննարկումն է: Հատուկ ուշադրություն կհատկացվի  ԼՂ հակամարտության խնդրի կարգավորմանը»,-ասել է Պերեբիյնիսը:

Սա Կոժարի առաջին այցելությունը չէ Հարավային Կովկաս: Այս տարվա ապրիլին նա այցելել էր Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան:

Հիշեցնենք, որ Ուկրաինան առաջին անգամ ԵԱՀԿ-ն նախագահել է 2013-ի հունվարի 1-ից: ԵԱՀԿ գործող նախագահ երկիրն ընտրվում է մեկ տարով: