Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, այսօր՝ հունիսի 12-ին, ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպան Իոաննիս Տաղիսին եւ Հունաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Քրիստոս Դովասին:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրին` ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ Հունաստանը հանդիսանում է Հայաստանի ռազմավարական գործընկերը եւ ուրախալի է այն փաստը, որ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ համագործակցության ծավալները, չնայած Հունաստանում առկա ֆինանսական խնդիրներին, այս տարվա ընթացքում աճել են: Համագործակցության զարգացման համար լրացուցիչ խթան կհանդիսանան նաեւ այս տարվա ընթացքում նախատեսվող բարձրաստիճան այցելությունները` Հունաստանի պաշտպանության նախարարի եւ ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետի պաշտոնական այցերը Հայաստան:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Ի. Տաղիսը հավաստիացրել է, որ հունական կողմի համար Հայաստանը կարեւոր ռազմավարական գործընկեր է հանդիսանում եւ իր լիազորությունների սահմաններում աջակցելու է հայ-հունական պաշտպանական համագործակցության խորացմանը եւ ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: