Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բողոք է ստացել Հայկ Մակուչյանից ու Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդներից: Այս տեղեկատվությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է Հայկ Մակուչյանը:
Ընդգծենք, որ խոսքը փաստաթղթերի ստացման մասին է, սակայն դեռ ոչ դրանց դիտակման:
Հայկական կողմը Ռամիլ Սաֆարովի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարան է դիմել ընթացիկ տարվա փետրվարին: Մասնավոր բողոքը ներկայացվել Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների եւ Հայկ Մակուչյանի ներկայացուցիչների կողմից: Բողոքը վերաբերում է Մարդու իրավունքների վերաբերյալ եվրոպական կոնվենցիայի 2-րդ եւ 14-րդ հոդվածներին: Բողոքի նախապատրաստմամբ զբաղվող աշխատանքային խմբի կազմում ներառվել են հայրենական եւ արտերկրյա մասնագետներ, այդ թվում` դատապաշտպան Նազելի Վարդանյանը, ով հայկական կողմը ներկայացրել է Բուդապեշտի դատական գործընթացում:
Հիշեցնենք, 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Երկու սպաներն էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին: Հայ մյուս սպային սպանելու ոճրագործի փորձը ձախողվել էր: 2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման` առանց 30 տարի ներման իրավունքի:
2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ազատել էին, մեծարել իբրեւ ազգային հերոսի, կոչումը բարձրացրել, բնակարան եւ նպաստ հատկացրել: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին:




























