2005թ. Ժնեւում կայացած Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նստաշրջանում հունիսի 14-ը հաստատվել է որպես Արյան դոնորի համաշխարհային օր` ի պատիվ 1868թ. այդ օրը ծնված ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյների, ով 1930թ. Նոբելյան մրցանակի է արժանացել մարդու արյան խմբերի հայտնաբերման համար:
Մարդուց մարդուն արյան փոխներարկում առաջին անգամ կատարվեց 1819թ. Անգլիայում: Ներկայումս արյան փոխներարկումը լայնորեն կիրառվում է վիրաբուժության, մանկաբարձության, գինեկոլոգիայի, այրվածքաբանության, վերակենդանացման եւ արյունաբանության ոլորտներում: Հաճախ արյան բաղադրամասի ժամանակին իրականացված փոխներարկումը մարդկային կյանք է փրկում: Հայաստանում տարեցտարի ավելանում է հավաքագրվող արյան քանակը: Այսպես, եթե 2000-2001թթ. տարեկան իրականացվում էր մոտ 6000-7000 արյունատվություն, ապա 2012թ. կատարվել է մոտ 15 000: Սակայն մենք դեռեւս հավաքագրվող արյան քանակի ավելացման խնդիր ունենք:
Ըստ ԱՀԿ երաշխավորագրերի` արյան բաղադրամասերով եւ պատրաստուկներով Հայաստանի պահանջարկն ապահովելու համար անհրաժեշտ է իրականացնել 60000 արյունատվություն: Արյան տարբեր հիվանդություններով տառապող հիվանդների բուժման համար անհրաժեշտ են մեծ քանակությամբ արյան բաղադրամասեր: Շատ հաճախ տվյալ հիվանդների հարազատներն ի վիճակի չեն լինում արյուն հանձնել, սակայն դա չի նշանակում, որ այս հիվանդները չեն ստանում անհրաժեշտ բուժօգնություն: Նման դեպքերում նրանց փոխներարկվում են կամավոր անհատույց դոնորներից հավաքագրված արյան բաղադրամասեր: Հայաստանում ներկայումս արյան դոնորների կազմում գերակշռում են փոխհատուցվող դոնորները` 43.8%, մինչդեռ առավել անվտանգ խումբ են կազմում անվարձահատույց կամավոր դոնորները, որոնք Հայաստանում կազմում են 3.4 %: Այս խնդրի լուծումն անհատույց կամավոր դոնորության քարոզչությունն է հասարակության, հատկապես երիտասարդության շրջանում: Արյունաբանական կենտրոնում 2013թվականի առաջին 5 ամսվա ընթացքում 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ արյունատվությունների թիվն աճել է 16.8%-ով` հասնելով 1819-ի: Դրական է այն փաստը, որ արձանագրվում է անհատույց դոնորներից հավաքագրվող արյան քանակների աճ /4.5 անգամ/:
Արյուն ունենալու համար անհրաժեշտ է, որ բոլորս գիտակցենք` մեր հանձնած արյան շնորհիվ հնարավոր կլինի փրկել մարդկանց կյանքեր: Շատ կարեւոր է, որ այս գաղափարը սերմանվի մեր հասարակության մեջ հնարավորինս վաղ հասակից: Պետք է ձգտենք, որ Հայաստանում, ինչպես զարգացած երկրներում, արյան դոնորությունը լինի կամավոր եւ անհատույց: Կարեւորելով արյան փոխներարկման դերը բժշկության մեջ` պետք է նշել, որ անհատույց դոնորությունն ազգային պատվի եւ սեփական արյունը նվիրաբերելու մարդասիրական քայլ է, որը պետք է շարունակաբար քարոզել եւ խրախուսել: Խորին հարգանքի ու երախտիքի են արժանի բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց արյունն են նվիրում դրա կարիքն ունեցողներին։ Առավել եւս նրանք, ովքեր բազմիցս դոնոր են հանդիսացել:



























