Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունում հունիսի 21-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վարել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են հուլիսի 9-ին Երեւանում կայանալիք հայ-ռումինական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստի նախապատրաստական եւ կազմակերպչական հարցեր, ներկայացվեցին առաջարկություններ:
Հայ-ռումինական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստի համանախագահներն են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը եւ Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսգանյանը:
Նիստի ընթացքում երկու երկրների միջեւ նախատեսվում է տնտեսական համագործակցության ընդլայնում, ստեղծված հարաբերությունների ամրապնդում տրանսպորտի, արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, անասնաբուժության եւ սննդամթերքի անվտանգության, փոքր եւ միջին ձեռնարկատիրության, զբոսաշրջության բնագավառներում, ինչպես նաեւ՝ առեւտրաարդյունաբերական պալատների միջեւ:




























