Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատազմն արձագանքել է NEWS.am լրատվական գործակալության կայքում հրապարակված հոդվածին, որում նշվում էր, որ Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի 49 նորակառույց շենքի բնակիչները ապրում են ոչ հիգիենիկ պայմաններում` կոյուղաջրերի ու աղբի ընկերակցությամբ: Այդ մասին խմբագրությանն ահազանգել էին բնակիչները։
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պատասխանում ասվում է. «Նշենք, որ Դավթաշեն 4-րդ թաղամաս 49 նորակառույց բազաբնակարան շենքում դեռևս շարունակվում են շինարարական աշխատանքները, որի հետևանքով շենքի հարակից տարածքում առաջանում են շինաղբի կուտակումներ։ Սակայն կուտակվող աղբը ժամանակ առ ժամանակ տեղափոխվում է: Իսկ շինարարական աշխատանքների ավարտից հետո սեփականատերը պարտավոր է բարեկարգել շենքի հարակից տարածքը: Այնպես որ, բնակիչներին խնդրում ենք ըմբռնումով մոտենալ այս խնդրին։
Հրապարակման մեջ նաև նշվում էր, որ նորակառույց շենքի բնակիչները ոչ ջրմուղի, ոչ էլցանցերի բաժանորդ չեն, հաշվիչը ընդհանուր է մեկ շենքի համար: Այս կապակցությամբ տեղեկացնում ենք, որ բնակիչները պետք է դիմեն համապատասխան կառույցներին և դառնան բաժանորդներ: Սակայն վարչական շրջանի ղեկավարը պատրաստ է հանդիպել շենքի բնակիչների հետ, քննարկել իրենց կողմից բարձրացված հարցերը և հնարավորության դեպքում ցույց տալ աջակցություն»:





























