Հայաստանի սփյուռքի նախարարությունն այս տարվա սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 3-ը կազմակերպում է «Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոնը, որը կանցկացվի Երեւանում, Էջմիածնում, Գյումրիում եւ Վանաձորում:

Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ փառատոնին կմասնակցեն երգչախմբեր եւ անհատ կատարողներ Հայրենիքից, Սփյուռքից եւ Արցախից:

Այս առնչությամբ, այսօր՝ հուլիսի 18-ին, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպում է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստներ Տիգրան Մանսուրյանի, Հայաստանի պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի, ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանի, Երգչախմբային ըներության նախագահ Դավիթ Ղազարյանի, կոմիտասագետ Գուրգեն Գասպարյանի եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Կարինե Բրուտյանի հետ:

Երաժշտագետների հետ քննարկվել է փառատոնի ծրագիրը եւ փառատոնի անցկացման հետ կապված այլ հարցեր:

Փառատոնի ընթացքում Կոմիտաս Վարդապետը կներկայացվի որպես հայ մեծ կոմպոզիտոր, երաժիշտ-բանահավաք, երաժշտագետ, երգիչ, խմբավար, մանկավարժ, մշակութային, հասարակական եւ հոգեւոր գործիչ, ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր:

Փառատոնի շրջանակներում նախատեսվում է նաեւ անցկացնել Կոմիտաս Վարդապետի կյանքին եւ գործունեությանը նվիրված գիտաժողով, Կոմիտասին նվիրված հեռուստաթատրոնի եւ հեռուստաֆիլմի ցուցադրություն, կոմիտասյան ստեղծագործությունների վերաբերյալ գրքերի եւ խտասկավառակների շնորհանդես, համերգային ծրագրեր: