Հայաստանը կործանման եզրին է, քանի որ երկրի առջեւ ծառացած են մի շարք խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել, իսկ իշխանությունն ու ընդդիմությունն առանձին-առանձին ի վիճակի չեն դա անել: Այս մասին, հուլիսի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Մինչեւ սեպտեմբերի 21-ը` Հայաստանի անկախության 22-րդ տարելիցը, անհրաժեշտ է անցկացնել համազգային կլոր սեղան, որին կմասնակցեն քաղաքական ուժերն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ում հուզում է երկրի ապագան: Այդ կլոր սեղանը բաց է Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի համար: Չնայած որ իշխող կուսակցությունը զավթել է իշխանությունը, այնուամենայնիվ, հանուն մեր երկրի ապագայի, պատրաստ ենք բանակցությունների սեղանի շուրջ նստել»,-ընդգծել է Հովհաննիսյանը: Հստակեցնող հարցին, արդյոք ինքը պատրա՞ստ է մի սեղանի շուրջ նստել իշխող կուսակցության եւ դրա առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ, Րաֆֆի Հովհաննիսյանը լակոնիկ պատասխանել է. «Այո»:
Նրա խոսքով` կլոր սեղանի օրակարգում կլինի ոչ միայն երկրի սոցիալական վիճակը, այլեւ գազի գնի թանկացումը, ինչպես նաեւ հարցեր, որոնք վերաբերում են երկրից դուրս գտնվող հայերի վիճակին` Հրաչյա Հարությունյանի հետ տեղի ունեցածի համատեքստում:





























