Այս տարվա առաջին կիսամյակում մի շարք աշխատանքներ են կատարվել՝ համացանցային հարթակում Երեւանը ներկայացնող կայքերի բարելավման եւ զարգացման ուղղությամբ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ աշխատանքներն իրականացրել է «Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ն:
Մասնավորապես www.Iyerevan.am կայքը համալրվել է առաջարկների բաժնով, ինչը հնարավորություն է ընձեռում անմիջապես տեսնել քաղաքացիների առաջարկություններն ու մեկնաբանությունները, նաեւ քննարկումները՝ ուղղված քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը:
Զգալի աշխատանքներ են տարվել նաեւ www.MyYerevan.am կայքը օգտատերերի համար առավել հարմարավետ դարձնելու ուղղությամբ: Այստեղ ինտեգրվել է նոր` YerevanResto բաժինը, ինչը Երեւան քաղաքի սննդի եւ ժամանցային օբյեկտների մասին ինքնատիպ տեղեկատու-ուղեցույց է: Կայքի այս բաժինը նպաստում է տեղեկատվության մատչելիությանը` այդպիսով խթանելով նաեւ Երեւանում զբոսաշրջության զարգացումը: Կայք է ինտեգրվել նաեւ «3600 Երեւան» նախագիծը, որի միջոցով կայքի այցելուները կարող են տեսնել մայրաքաղաքի մոտ 300 վիրտուալ տեսարաններ:
Աշխատանքներ են տարվում նաեւ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի`www.yerevan.am-ի հզորացման եւ այցելուների համար օգտվելն առավել դյուրին դարձնելու ուղղությամբ:





























