Բնապահպանության նախարարությունը թաքցնում է անտառներից Սեւանա լճի ափերի մաքրման մասին տվյալները, հաղորդում է «ԷկոԼուրը»: 

Գավառի Օրհուս կենտրոնը հարցում է արել Բնապահպանության նախարարությանը, թե որքան փայտանյութ է ստացվել մաքրված տարածքներից, մարզի որ համայնքներում է վաճառվել եւ որքան է եղել 1 խմ փայտանյութի վաճառքի գինը, սակայն նախարարությունը մերժել է պատասխանել Գավառի Օրհուս կենտրոնին:

Բնապահպանության նախարարությունը պատասխանել էր, որ անտառաշերտի մաքրման արդյունքում ստացված փայտանյութի  քանակին, գնին ու վաճառքին վերաբերող հարցերը կարգավորվում են պայմանագրային հարաբերություններով, հարցված տեղեկատվությունը զուտ տնտեսական բնույթի է եւ չի համապատասխանում Օրհուսի կոնվենցիայի 2-րդ հոդվածի «Շրջակա միջավայրին վերաբերող տեղեկատվություն» սահմանմանը: 

Նշենք, որ ափերի մաքրման հարցը Սեւանի համար մնում է սուր, քանի որ լճի ջուրը բարձրանում է, եւ անտառներից չմաքրված ափերը մնում են ջրի տակ: Ափերի մաքրման համար կառավարությունը ծախսում է զգալի գումարներ, տարեկան` մոտ 125 միլիոն  դրամ (մոտ 400 000 դոլար): Տեղի բնակիչները խնդրել են իրենց հնարավորություն տալ անվճար մաքրել ափերը անտառներից, փոխարենը հատված ծառերն օգտագործել որպես վառելիք, սկայան առաջարկությունը  չի ընդունվել: