Հայաստանի վճռաբեկ դատարանը հուլիսի 3-ին ետ է վերադարձրել NEWS.am լրատվական գործակալության դեմ ներկայացված հայցով վճռաբեկ բողոքը, որը ներկայացրել էր «Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն» ընկերությունը: Այսպիսով, ուժի մեջ է մտնում Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարգարիտա Հարթենյանի՝ 2012թ. դեկտեմբերի 14-ին կայացրած վճիռը:
NEWS.am գործակալության շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանը հայտնեց, որ իրենք միայն այսօր են ստացել Վճռաբեկ դատարանի որոշումը, որով փաստվում է, որ ընկերության վճռաբեկ բողոքը չի համապատասխանում Քաղաքացիական դատավարության օրենսգրքի կոնկրետ նորմերի: Այժմ «Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն»-ից պետք է 200 հազար դրամ բռնագանձնվի հօգուտ NEWS.am-ի՝ որպես դատական ծախս:
Հիշեցնենք որ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների դատարանը` դատավոր Մարգարիտա Հարթենյանի նախագահությամբ, դեկտեմբերի 14-ին մերժել էր 2 մլն դրամի հայցը:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը` դատավոր Աստղիկ Խառատյանի նախագահությամբ, մայիսի 2-ին մերժել էր վերաքննիչ բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների դատարանի կայացրած վճիռը:
NEWS.am-ի դեմ ներկայացված հայցի համար հիմք է հանդիսացել լրատվական գործակալության 2010 թ. նոյեմբերի 23-ին տպագրված հոդվածը:
Այն վերաբերում էր Հայաստանի քաղաքացի Հովհաննես Կաթրջյանին, ով NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեղադրել էր վերոնշյալ բժշկական կենտրոնին` իրեն խաբելու եւ 10 տարի շահագործման ժամկետով էլեկտրոկարդիոխթանիչի փոխարեն վիրահատությամբ մեկ այլ, էժանագին սարք տեղադրելու մեջ: Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնն էլ որոշել էր, թե NEWS.am-ը լուրջ հարված է հասցրել իր պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին եւ հայց էր ներկայացրել դատարան՝ լրատվամիջոցից 2 միլիոն դրամ պահանջելով:
Հովհաննես Կաթրջյանն ինքն էր հայց ներկայացրել կենտրոնի դեմ եւ մոտ 2 մլն դրամ գումար էր պահանջում իրեն խաբելու եւ էժանագին սարքավորում տեղադրելու համար: Գործով համահայցվոր էր նաեւ պաշտպանության նախարարությունը, որի պատվերով էլ Կաթրջյանին էլեկտրոկարդիոխթանիչ են տեղադրել:
Կաթրջյանի դիմումի հիման վրա ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում նախապատրաստված նյութերով 2011թ. դեկտեմբերի 7-ին հարուցվել էր քրեական գործ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասով (Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը):




























