Հայաստանի ԱԻՆ-ում քննարկել են աշխատանքի համար դիմած 10 սայլակավոր հաշմանդամի գործերը եւ որոշել նրանց բոլորին հնարավորություն տալ անցնելու հաջորդ փուլ, որը ներառում է հատուկ ուսուցում, մասնագիտական հմտությունների դասընթացներ, ինչպես նաեւ փորձաշրջան նախարարությունում:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԱԻՆ-ը ճգնաժամային կառավարման կենտրոններ է ստեղծում նաեւ Լոռիի եւ Շիրակի մարզերում, ու այդ մարզերի Ճգնաժամային կառավարման կենտրոնների թափուր հաստիքները զբաղեցնելու համար մրցույթ է հայտարարվել նաեւ հաշմանդամների համար:
Որոշվել է ԱՌՆԱՊ հիմնադրամի «Հաշմանդամություն ունեցող անձանց (ՀՈՒԱ) հիմնահարցերի» թեմատիկ խմբում քննարկել ԱԻՆ առաջարկը հանրապետության մյուս նախարարություն-գերատեսչություններին՝ պայմաններ ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ապահովման, ինչպես նաեւ, ընդհանրապես, ազատ տեղաշարժի հնարավորության համար:
Հիշեցնենք, որ ԱԻ նախարարությունում հաշմանդամություն ունեցող անձանց համար արդեն ստեղծվել է 30 աշխատատեղ, ներկայումս 15 մարդ աշխատում է, շարունակվում է նոր աշխատակիցների ընտրությունը:





























