«Ավելի մաքուր Երեւան» կարգախոսով ծրագրի շրջանակում, այսօր՝ հուլիսի 20-ին, մաքրման աշխատանքներ են իրականացվել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքում:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հնավայրի տարածքից թափոնների հեռացման աշխատանքներին ներգրավվել են աղբատար եւ մասնագիտացված այլ մեքենասարքավորումներ: Երեւանի քաղաքապետարանը տրամադրել է մաքրման աշխատանքների համար անհրաժեշտ պարագաները:

Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը նշել է, որ ծրագրի մեկնարկից մինչ օրս մաքրման  աշխատանքներ են իրականացվել 4 վայրերում, ուր տարածքները բերվել են պատշաճ տեսքի:

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը նշել է, որ հատկապես ամռան այս շրջանում, երբ թանգարան շատ են այցելում զբոսաշրջիկները, մաքրման գործում աջակցությունը տեղին էր եւ կարեւոր՝ տարածքի պահպանման տեսանկյունից:

Նախատեսվում է, որ հաջորդ շաբաթ մաքրման աշխատանքներ կիրականացվեն «Փարոս» անտառպուրակի տարածքում: