Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ եկեղեցու դիմաց այսօր` հուլիսի 20-ին, առավոտյան մեկնարկած բողոքի ակցիան քիչ առաջ ավարտվեց:
Արարատյան հայրապետական թեմի Երեւանի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» միության լրատվական գործերի համակարգող Հայկ Կիսեբլյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք այսօր եկել էին խաղաղ պայմաններում բողոքի ակցիա անելու համար, ինչը սակայն թույլ չեն տվել: Ակցիայի մեկնարկին պես, երբ փորձել են եկեղեցուց հանել տեխնիկան, եկեղեցու աշխատակիցները քաշքշել եւ պատռել են Վահրամ սարկավագի հագուստը: Լրատվական գործերի համակարգողը շեշտեց, որ ամենասկզբից փորձեցին սադրանք անել, սակայն իրենք չեն գնալու սադրանքների, շարունակելու են իրենց պայքարը խաղաղ ձեւով:
«Փորձ են արել տապալել մեր միջոցառումը սկսելուց առաջ, Վահրամ սարկավագը քաշքշուկի մեջ է ընկել մեր տեխնիկան տեղադրելու պատճառով, չեն թողել միկրոֆոնները եկեղեցուց հանել դուրս, Վահրամ սարկավագին եկեղեցուց դուրս են շպրտել` հագուստը պատռելով, ոստիկաններ են եղել, որոնք ոչինչ չեն ձեռնարկել, եկեղեցու աշխատողներն են դա արել, այն մարդիկ, որոնց հետ աշխատել ենք»,-ասաց Հայկ Կիսեբլյանը:
Նա շեշտեց, որ իրենց խնդիրն է միայն Տեր Հակոբին վերադարձնել, նրա տեղափոխության արդյունքում կասկածի տակ է դրվում միության երգչախմբի, պարախմբի հետագա գործունեությունը եւ չի կարելի համայնքի հոգեւոր զգացմունքները ոտնահարել: Միեւնույն ժամանակ, Հայկ Կիսեբլյանն ասաց, որ Տեր Հակոբը տեղյակ է իրենց կազմակերպած ակցիայի մասին, խնդրել է ոչինչ չձեռնարկել, նա այժմ որոշակի առողջական խնդիրներ ունի ստեղծված իրավիճակի պատճառով: Երիտասարդները նաեւ պաստառներ էին բերել` «Վերադարձրեք մեզ մեր քահանային», «Խնդրում ենք վերականգնել արդարությունը» գրությամբ:
Սուրբ Սարգիս եկեղեցու բակում հավաքված հոգեւորականները ցուցարար երիտասարդներին կոչ էին անում խնդիրը այդպիսի հարթության մեջ չդնել` ասելով, որ եկեղեցին մի մեծ ընտանիք է, ընտանիքի խնդիրները մի հանեք փողոց, թուլ մի տվեք, որ մարդիկ օգտվեն, եկեղեցու անունը շահարկեն:
Տեր Շահե քահանան լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը` որպես կրոնավոր, 4 անգամ տեղափոխվել է, բայց երբեք նման «դեբոշներ» չի կազմակերպել, դա հակաեկեղեցական է: Նա շեշտեց, որ այժմ տեր Հակոբի համար ավելի լայն հնարավորություններ են ստեղծված, նա միայն պետք է ուրախ լինի եւ երջանիկ: Տեր Շահե քահանան տեղյակ չէր Վահրամ սարկավագի հետ տեղի ունեցած միջադեպի մասին եւ զարմանք հայտնեց` լսելով, որ նրան քաշքշել եւ հագուստը պատռել են եկեղեցում:
Ակցիային հետեւում էր նաեւ Արարատյան հայրապետական թեմի մամուլի պատասխանատու Նոյեմի Աբրահամյանը: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ երեկ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Սրբազանը հանդիպել է «Արարատ» միության անդամների հետ, մեկ առ մեկ լսել նրանց, պատասխանել հարցերին եւ բացատրել, որ եթե նախկինում Տեր Հակոբը միայն «Արարատ» միությամբ էր զբաղված, ապա այժմ ավելի շատ հնարավորություն ունի, համակարգելու է ամբողջ թեմի երիտասարդական միության աշխատանքը:
«Իրենք էլ շնորհակալություն են հայտնել, օրհնություն են խնդրել, այժմ իրենցից որեւէ մեկը չի դիմել նրան հանդիպման խնդրանքով»,- ասաց Նոյեմի Աբրահամյանը` հավելելով, որ տեղյակ չէ` Սրբազանը գիտի՞ կազմակերպված ակցիայի մասին, թե՝ ոչ, այսօր ոչ աշխատանքային օր է, եւ Նավասարդ Կճոյանը եկեղեցում չէ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, վկայակոչելով «Ա1+»-ը, Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը աշխատանքից ազատել է Արարատյան թեմի Արարատ երիտասարդաց միության հոգեւոր հովիվ Տեր-Հակոբ քահանա Խաչատրյանին:
Կայքի տեղեկություններով` պատճառը հուլիսի 7-ին Հ 2 հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված «Չենք սպասում» հաղորդման ժամանակ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի մի արտահայտությունն է եղել, ըստ որի՝ «Տեր- Հակոբը 1000 Կճոյան արժի»: «Մեր տեղեկություններով Կճոյանն անձամբ այս հաղորդումը չի նայել, նրան տեղյակ են պահել:Առաջնորդական փոխանորդի հրամանից հետո, նրան են այցելել Արարատ երիտասարդաց միության հոգաբարձուները, որոնք Կճոյանից ցանկացել են տեղեկանալ Տեր- Հակոբի ազատման պատճառների մասին; Թեմի առաջնորդը նրանց պատասխանել է. «Եթե ես ձեզ պատճառն ասեմ, ուրեմն ձեզ բացատրություն եմ տալիս: Իսկ ես ձեզ բացատրելու բան չունեմ»:





























