Համացանցում «Անվավեր ճանաչել Երեւանում տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ որոշումը» պահանջով ստորագրահավաք է սկսվել:

Ստորագրահավաքի կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ հուլիսի 20-ից Երեւան քաղաքում երթուղային տաքսիների, ավտոբուսների եւ տրոլեյբուսների ուղեվարձը թանկացել է 50-100% -ով, ինչի վերաբերյալ պատկան մարմինները տվել են, մեղմ ասած, անտրամաբանական հիմնավորումներ: Ելնելով վերոհիշյալից՝ մենք՝ ՀՀ քաղաքացիներս, պահանջում ենք Երեւանի քաղաքապետարանից անվավեր ճանաչել վերոհիշյալ որոշումը՝ ուղեվարձը թողնելով մինչեւ հուլիսի 20-ը եղած սահմաններում»:

Ստորագրահավաք-պահանջագիրը (պետիցիա) նոր է սկսվել, որին արդեն միացել է մոտ 1000 մարդ:

Հիշեցնենք, որ այսօրվանից քաղաքացիները Երեւանում տրոլեյբուսով երթեւեկելու համար պետք է վճարեն 100 դրամ՝ նախկինի  50-ի փոխարեն, իսկ ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով  երթեւեկելու համար 150 դրամ՝ նախկինի 100-ի փոխարեն:

Քաղաքապետարանի այս որոշումն ընդվզում է առաջացրել, սոցիալական ցանցերում ձեւավորված մի շարք խմբեր ու նախաձեռնություններ դեռ երեկվանից բողոքի ակցիաներ են անցկացրել Երեւանի քաղաքապետարանի մոտ, այնուհետեւ մայրաքաղաքի փողոցներում թռուցիկներ են բաժանել «Չեմ վճարել 150 դրամ» գրությամբ: